Քաղաքականություն

Սվիտալսկին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության 5 գերակա ուղղությունները

2 րոպեի ընթերցում

 Սվիտալսկին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության 5 գերակա ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունն առաջիկա ամիսներին Հայաստանի հետ հարաբերություններում գերակա 5 ուղղություններ է առանձնացրել: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Առաջին գերակա ուղղությունն ընտրական գործընթացն է: Ապրիլի 2-ին Հայաստանում համապետական ընտրությունների հաջող անցկացման համար Եվրոպական Միությունը գումարային տեսքով լուրջ օժանդակություն է հատկացրել: Առաջիկա համապետական ընտրությունները մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

ԵՄ-ն ցանկանում է շարունակել քննարկումները Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման համար: «Քննարկումներ կունենանք կառավարության, բիզնես կազմակերպությունների, հատկապես Եվրոպական բիզնեսների միության հետ: Սա ևս շատ կարևոր բաղադրիչ է մեր հայ գործընկերների հետ շփումներում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Երրորդ գերակա ուղղությունը կլինի ԵՄ-ի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրոպական Միությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանին օժանդակելու համար հատկացրել է շուրջ 15 միլիոն եվրո գումար: «Մենք պատրաստ ենք միասին աշխատել, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն Հայաստանի բնակչության համար»,- ընդգծեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ՀՀ-ԵՄ համագործակցության հաջորդ գերակա ուղղությունը լինելու է մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բյուջետային աջակցության պայմանագրի իրագործումը: Պայմանագիրը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Եվրոպական Միության համար:

Հինգերորդ գերակա ուղղությունը լինելու է քննարկումը` ինչպես ամրապնդել դատական համակարգի անկախությունը: Սվիտալսկին ընդգծեց, որ ԵՄ-ն վերջերս դատական համակարգում բարեփոխումների համար ՀՀ-ի հետ կնքել է ավելի քան 10 միլիոն եվրոյի տրանշ հատկացնելու համաձայնագիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում