Փորձագետն անցած տարին դրական է համարում հայ-վրացական համագործակցության աշխուժացման առումով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարին կարևոր է եղել հայ-վրացական համագործակցության խորացման առումով: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Տարվա ընթացքում եղել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ: Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Վրաստան, իսկ սեպտեմբերին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետը, որը շատ կարևոր էր: Վրաստանի վարչապետի այցի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հայ-վրացական բարեկամության կամրջի կառուցման վերաբերյալ, որն էլ ավելի կխթանի երկու երկրների առևտրատնտեսական կապերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Վրաստանի սերտ համագործակցությունն արտահայտվում է հատկապես մի շարք կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տուրիզմը, առևտրատնտեսական կապերը, էներգետիկ ոլորտը: «Պաշտոնական տվյալներով` անցած տարվա ընթացքում Վրաստան է այցելել 1 միլիոն 456 հազար հայ զբոսաշրջիկ և այդ ցուցանիշով Հայաստանը երկրորդն է, իսկ առաջինն Ադրբեջանն է: Ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 200 հազարով գերազանցել է հայ զբոսաշրջիկների թիվը: Էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու առումով անցած տարվա ընթացքում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Խոսքը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն է միասնական էներգոկամուրջ ստեղծելու վերաբերյալ, ինչը երկրներին հնարավորություն կտա միավորել էներգոհամակարգերը և փոխանակվել էլեկտրաէներգիայով, ինչն էլ իր հերթին կաշխուժացնի երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ընդգծեց Ջոնի Մելիքյանը:

Փորձագետի խոսքով` Հայաստանն արդեն երկար ժամանակ Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է: Նա նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևրտրաշրջանառությունը 2014թ. կազմել է 156 միլիոն դոլար, իսկ 2015թ. այդ թիվը կազմել է 189 միլիոն դոլար` արձանագրելով 17 տոկոս աճ: Նրա գնահատմամբ` սա խոսում է այն մասին, որ տարեցտարի երկու երկրները խորացնում են առևտրատնտեսական համագործակցությունը:

Ջոնի Մելիքյանը կարևորում է նաև հայ-վրացական համագործակցությունը ռազմական ոլորտում: Նրա գնահատմամբ` Վրաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ նրանք ցանկանում են ավելացնել օտարերկրյա ներդրումները, իսկ դրա համար կարևոր նախապայման է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: «Անցած տարվա ընթացքում Վրաստան այցելեց Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: Այցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Թեև Վրաստանն ակտիվ ջանքեր է գործադրում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար և ռազմական ոլորտում համագործակցությունը որոշակիորեն սահմանափակ են, սակայն կան ուղղություններ, որտեղ երկու երկրները կարող են համագործակցել»,- նշեց նա:

Փորձագետը ենթադրում է, որ Հայաստանում ընտրական ցիկլի ավարտից հետո կլինի ՀՀ վարչապետի պատասխան այց Վրաստան, ինչն ավելի կակտիվացնի համագործակցությունը երկկողմ ձևաչափում:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հայաստանի և Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության և օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները: Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները: Հայաստանի և Վրաստանի միջև գործում է նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով: 2013թ. աշնանը ձևավորվել է հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը գումարվել է 2014թ. մարտի 21-ին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում