Ադրբեջանը չի համակերպվում իրականության հետ. քաղաքագետ
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը չի համակերպվում իրականության հետ. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/01/874132.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Ադրբեջանը մտնում է բավականին լուրջ եւ դժվար սոցիալ-տնտեսական զարգացման փուլ (նավթային գների բավականին ցածր մակարդակ, եկամուտների նվազեցում), այդ իսկ պատճառով այն շարունակելու է պահպանել իր սովորական ռազմատենչ հռետորիկան:
«Ադրբեջանը շարունակելու է իր քարոզչությունը, ռազմական սպառնալիքները շարունակվելու են, քանի որ այդ երկիրը տեսանելի ապագայում չի համակերպվելու այն իրականության հետ, որն ավելի քան քառորդ դար պահպանվում է Արցախյան հակամարտության շուրջ: Նաեւ հասկանալի է, որ Ադրբեջանն օգտագործում է իր հայտարարությունները որպես իմիտացիա այն իրական գործընթացին կամ բանակցություններին, որոնք պիտի լինեն, սակայն մեծ մասամբ ձախողվում են Ադրբեջանի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ այդ բախումներից հետո դժվար թե սահմանագծում նկատվի չափից ավելի լարվածություն:
«Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանը ընդհանուր առմամբ բավականին զուսպ է՝ համեմատած նախորդ տարիների հետ, նույնիսկ Չինարիի դեպքը այս մի քանի ամիսների կտրվածքով բացառություն էր: Դա խոսում է երկու բանի մասին. կամ Ադրբեջանն իսկապես դեպքերից հետո լուրջ հետեւություն է արել, եւ նրա ագրեսիան մտել է ավելի շատ քարոզչական դաշտ, կամ էլ նախապատրաստվում է նոր գործողություների: Չեմ բացառում նոր բախումներ, բայց դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ նույն կերպ ինչպես ապրիլին ի վիճակի չեղավ գնալ լայնամասշտաբ պատերազմի, այդպես էլ հետագայում չի գնա նման գործողությունների»,-եզրափակեց քաղաքագետը: