Քաղաքականություն

Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նշելը նախազգուշացում է Ադրբեջանին. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նշելը նախազգուշացում է Ադրբեջանին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառն ընդգծելը պատահական չէ: Դա նախազգուշացում է Ադրբեջանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ադրբեջանին ցույց տալու համար, թե ինչ քայլերի կարող է գնալ կազմակերպությունը, ընդ որում, կազմակերպության որոշ անդամ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, հայտարարության մեջ նշվում է Լեռնային Ղարաբաղ Հանրապետություն բառը: Դա նախազգուշացում է Ադրբեջանին, որ սահմանային նման գործողությունները կարող են ունենալ որոշ իրավական, քաղաքական հետևանքներ»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սադրիչ գործողություններին` Սերգեյ Մինասյանը նշեց, որ Ադրբեջանը օգտվում է տոնական շրջանից և փորձում է ցույց տալ, որ սահմանային լարվածությունը շարունակվում է, խաղաղությունը չի պահպանվում, ռազմական սպառնալիքները դեռ կան:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»,- հայտարարել է Բորդյուժան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում