Սերժ Սարգսյանը խոստումնալից է համարում Կարեն Կարապետյանի աշխատաոճը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ 5-6 ամսում գնահատել կառավարության գործունեության արդյունքները դժվար է, եթե էական ձախողումներ չլինեն: Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ Կարեն Կարապետյանի որդեգրած կառավարման մշակույթը, աշխատաոճն ու մոտեցումները խոստումնալից են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սերժ Սարգսյանն ասել է «168 ժամ»-ի «Հարց նախագահին» նախաձեռնության շրջանակում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ, եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ստանա խորհրդարանում` ՀՀ Նախագահն ասել է. «ՀՀԿ համագումարում ես նախ և առաջ հայտարարեցի, որ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Այո, ես նաև հայտարարեցի, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Կարեն Կարապետյանի գործունեության կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա իսկապես գործի մարդ է: «Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն և արդյունավետ կառավարումն է: Նա իր գործունեությամբ արդեն հասցրել է նաև դրական ակնկալիքներ ձևավորել հասարակության մեջ, և վստահ եմ, որ կկարողանա իրականացնել կառավարության մտահղացումները»,- ասել է ՀՀ Նախագահը: