Կարծիքներ

Պետք է կարողանանք աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ եւ բարձրացնել հայերին հուզող խնդիրները. Արփի Վարդանյան

2 րոպեի ընթերցում

Պետք է կարողանանք աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ եւ բարձրացնել հայերին հուզող խնդիրները. Արփի Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի խոսքով՝ կազմակերպության մեջ ընդգրկված հայերից եղել են եւ՛ Քլինթոնի, եւ՛ Թրամփի աջակիցներ:

«Մեր գրանցման ստատուսն այնպիսին է, որ մենք իրավունք չունեինք ձայն տալ կամ կողմ լինել ինչ-որ մեկին ընտրություններում: Մենք երբեք չենք ասել՝ քվեարկեք դեմոկրատների կամ հանրապետականների օգտին: Բոլորս գիտենք, որ Թրամփը նոր է այս դաշտում, քաղաքական փորձ չունի: Մենք չգիտենք, թե նա ինչպես կմոտենա քաղաքականությանը, որում, հնարավոր է, շատ անակնկալներ լինեն: Թրամփը կհավաքի իր շրջապատը, եւ պարզ կդառնա՝ ինչպիսի մոտեցումներ կցուցաբերվեն: Չգիտենք, թե ինչ փոփոխություններ է մտցնելու, քանի որ շատ բաների դեմ էր: Մենք 45 տարի աշխատել ենք եւ՛ դեմոկրատների, եւ՛ հանրապետականների հետ, նույն կերպ էլ պետք է աշխատենք նոր նախագահի, վարչակազմի, պաշտոնյաների հետ, որպեսզի հասկացնենք, թե որոնք են խնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Արփի Վարդանյանի դիտարկմամբ՝ բավականին շատ խնդիրներ կան, որոնց վրա պետք է շեշտը դնել:

«Նախեւառաջ, պետք է աշխատենք հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Արցախի խնդիրը, որը շատ լուրջ է. տեսանք՝ Ադրբեջանը ինչպես հարձակվեց Արցախի վրա եւ շարունակում է այդպիսի բաներ անել: Մտահոգիչ է այն, ինչ կատարվում է Թուրքիայում, սիրիահայերի խնդիրն էլ շատ լուրջ է, փորձում ենք այդ խնդիրները առաջ տանել: Եթե նայենք աշխարհի քարտեզին, ապա կտեսնենք, որ Հայաստանը շատ փոքր է, համարյա չի երեւում, սակայն այն գտնվում է շատ կարեւոր մասում, եւ պետք է բոլորին հասկացնենք դա, որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձնեն մեր խնդիրներին»,-եզրափակեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում