Հայաստանում առողջապահական իրավունքի վերաբերյալ առաջին անգամ անցկացվում է միջազգային համաժողով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկեց «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով միջազգային համաժողովը: Հայաստանում առաջին անգամ անցկացվող եռօրյա համաժողովը համախմբել է իրավաբաններին, բժիշկներին, առողջապահության և առողջապահական իրավունքի ոլորտի ապագա մասնագետներին, ոլորտում գործող պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին` վեր հանելու ոլորտում առկա հիմնախնդիրները, քննարկելու մարդու իրավունքների ներկա վիճակը, օրենսդրության զարգացման ներկա միտումները եւ հանդես գալու տարբեր առաջարկություններով:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ առողջապահական իրավունքը մարդու գերակա իրավունքներից է:
«Առողջության մասին խոսելիս դժվար է գտնել որեւէ մեկին Հայաստանում եւ աշխարհում, ով չգիտակցի առողջապահական իրավունքի կենտրոնական դերը մարդու կյանքում: Պատահական չէ, որ այս իրավունքը համարվում է մարդու իրավունքների եւ արժանապատիվ կյանքի հիմնաքարային բաղադրիչներից մեկը: Պատահական չէ, որ կան իրավունքներ, հանուն որոնց պետությունները միավորում են իրենց ջանքերը: Եվ միջազգային իրավական փաստաթղթում դրանց ամրագրումը եւ շարունակական արտացոլումը վկայում է այն մասին, որ այս իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցնում, կարելի է ասել՝ մնացած բոլոր իրավունքները կա՛մ շաղկապված են, կա՛մ ստորադասվում են այս իրավունքին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, նշեց, որ դրանք բազմաթիվ են, եւ դեռ շատ անելիքներ կան: «Այս տարիների համեմատության մեջ մենք վարքագծային մոտեցումներից տեղաշարժ ենք արել դեպի մեր մոտեցումների իրավական կարգավորումը: Առողջապահության դաշտը կարգավորող օրենքներում անընդհատ փոփոխություններ ենք անում, որովհետեւ կյանքում ծագում են խնդիրներ, որոնք ուղղակիորեն ազդեցություն են ունենում՝ հիմնականում բացասական, ահա այդ ազդեցությունը մեղմելու եւ դրանք վերացնելու համար նախարարությունն իրականացնում է համարժեք գործողություններ: Պացիենտ-բժիշկ, պացիենտ-հարազատ, բժիշկ-պետություն. մի շարք բարդ հարաբերություններ, որոնց կարգավորումից է կախված այն արդյունավետությունը, որի մասին այսօր խոսում ենք: Իհարկե, մենք հասկանում ենք, որ դեռ կան բազմաթիվ բացեր, որոնք լրացնելու խնդիր ունենք»,-նշեց փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ համաժողովը կլինի շարունակական:
Համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած մասնագետներ՝ Ղրղզստանից, Ղազախստանից, Լատվիայից, Մակեդոնիայից, Միացյալ Նահանգներից: