Ոսկեգործությունն ու ադամանդագործությունը երկրի տնտեսության գերակայություններից են. Սերժ Սարգսյանը ողջունեց CIBJO-ի համագումարի բացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերիդիան» ոսկերչական հատուկ տնտեսական գոտու տարածքում հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի հերթական համագումարը, որին մասնակցում են 84 պատվիրակներ 25 երկրներից:

Համագումարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեզ համար հաճելի է հյուրընկալել ձեր ոլորտը կարգավորող յուրատեսակ համաշխարհային խորհրդարանի, Ոսկերիչների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի համաժողովը: Մենք կարեւորություն ենք տալիս այս համաժողովի անցկացմանը մեր երկրում: Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության եւ ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների` հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել է զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ եւ վաճառատներ Նյու Յորքում եւ Փարիզում, Մոսկվայում եւ Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում եւ բազմաթիվ այլ երկրներում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ, ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ: Այսօր Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքներ են տարվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ այդ ճյուղը հայտարարված է երկրի տնտեսության գերակա ռազմավարական ուղղություններից մեկը:

Զարդագործության, ոսկերչության, թանկարժեք մետաղների, ադամանդների, մարգարիտների եւ թանկարժեք քարերի միջազգային համադաշնությունը միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի ոսկերչության ողջ ոլորտը` թանկարժեք մետաղների եւ քարերի արդյունահանումից մինչեւ պատրաստի արտադրանքի իրացումը: Այն այս ոլորտը կանոնադրող եւ կանոնակարգող համաշխարհային հիմնական ատյանն է: Համադաշնության անդամ են հանդիսանում ոսկեգործական ազգային ընկերակցություններն աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնց թվում է Հայ ոսկերիչների ընկերակցությունը: Կազմակերպության նստավայրը Միլանում է:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա