Երազանքս շախմատի հավաքականի կազմում խաղալն է. Հայկ Մարտիրոսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի վաղվա հաղթանակները կերտողները «ծնվում են» այսօր: Ինչպես եղավ շախմատի աշխարհի պատանիների առաջնության ժամանակ, որտեղ միակ երկիրը, որ երկու ոսկի նվաճեց, Հայաստանն էր: Պատանիների շախմատիստների շարքում արդեն առանձնանում է Հայկ Մարտիրոսյանը, ով առաջնության ընթացքում տոնեց 7 հաղթանակ, և միայն չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ավանդույթի համաձայն՝ Հայկի հետ էլ հանդիպեցինք շախմատի տանը, որտեղ սովորաբար հարցազրույցներ ենք ունենում շախմատիստների հետ: Հայկը եկավ ճիշտ և ճիշտ նշանակված ժամին, համեստորեն ընդունեց շախմատի տանը այդ պահին գտնվող բոլոր ներկաների շնորհավորանքները: Մեր զրույցի ընթացքում Հայկը շախմատիստներին բնորոշ զսպվածությամբ պատասխանեց մեր հարցերին, խոսեց իր, շախմատի, ընկերների, մարզիչների մասին:

-Հայկ, քանի՞ տարեկանում ես սովորել շախմատ խաղալ:

-5 տարեկանից զբաղվում եմ շախմատով, իսկ խաղալ սովորեցրել է հայրս: Արդեն 7-8 տարեկաններից սկսեցի կարևոր մրցաշարերի մասնակցել, որտեղ հնարավորություն էր տրվում կարգ լրացնել: Այնուհետև ընդունվեցի շախմատի ակադեմիա, որտեղ Սմբատ Լպուտյանի միջամտությամբ սկսեցի մարզվել ավելի ուժեղ մարզիչների մոտ:

-Ովքե՞ր են քո սիրելի շախմատիստները, ում պարտիաները նախընտրում ես ուսումնասիրել:

-Շախմատիստներ շատ կան, ում սիրում եմ, սակայն առավել նախընտրում եմ աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի շախմատային պարտիաները: Սիրում եմ նրա դասական և ակտիվ շախմատը: Հայկական շախմատից սիրում եմ Լևոն Արոնյանին և Ռաֆայել Վահանյանին:

-Սիրում ես Ալյոխինին, իսկ ունե՞ս խաղային քո ոճը:

-Այո, սիրում եմ դասական շախմատ խաղալ, բայց նաև ակտիվ լինել: Կարող եմ զոհաբերություններ կատարել, բայց որ դրանք լինեն դիրքային:

-Ինչո՞վ ես սիրում զբաղվել շախմատից ազատ ժամանակ:

-Բացի շախմատից շատ եմ սիրում ֆուտբոլ: Իմ սիրելի ակումբը Մադրիդի «Ռեալ»-ն է: Սովորում եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Առավել շատ սիրում եմ շախմատային գրքեր կարդալ:

-Հայկ, մասնակցել ես նաև Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի համատեղ դպրոցի դասերին: Ի՞նչ կասես այդ մասին:

-Այո, Ծաղկաձորում մենք շատ ենք շփվել նրանց հետ: Մեզ համար հետաքրքիր և ուսանելի շատ բան կար:

-Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է շախմատն այսքան սիրվել, այսքան տարածված դարձել մեր երկրում:

-Կարծում եմ, նրանից է, որ հայերը մտածող ազգ են: Հիմա արդեն դպրոցներում էլ շախմատը դարձել է պարտադիր առարկա, ինչը ևս օգնում է շախմատի տարածմանը:

-Տարիներ առաջ երազում էիր աշխարհի չեմպիոնի կոչման մասին: Ինչի՞ մասին ես երազում հիմա:

-Այժմ երազանքս հավաքականի կազմում խաղալն է: Նույն թիմում՝ Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի և մյուսների հետ: Բայց դրա համար հարկավոր է, որ մասնակցեմ առաջին խմբի մրցաշարին, որտեղ հաղթելուց հետո Հայաստանի բարձրագույն խմբին մասնակցության իրավունք կստանամ, այստեղ հաղթելուց հետո էլ կդառնամ հավաքականի անդամ:

-Հայկ, խոսենք պատանիների աշխարհի առաջնության մասին: 7 հաղթանակ, 2 ոչ-ոքի: Ինչպե՞ս էիր նախապատրաստվել:

-Իրականում բավականին երկար էի նախապատրաստվել աշխարհի այս առաջնությանը: Մեծ աշխատանք էինք տարել իմ անհատական մարզիչ Աշոտ Անաստասյանի և Արտաշես Մինասյանի հետ: Ուսումնասիրել էինք մրցակիցներին, և մեզ մոտ շատ լավ ստացվեց ամեն ինչ:

-Ծանո՞թ էիր մրցակիցներին խաղաոճին, իրենց հնարավոր կոմբինացիաներին:

-Առաջնության մասնակից մի քանի խաղացողների հետ շատ երկար ժամանակ է, ինչ մրցում եմ տարբեր մրցաշարերի շրջանակներում: Բայց կային նաև նորերը, ովքեր ուժեղ մրցակիցներ էին:

-Այս առաջնության ժամանակ աշխարհի չեմպիոն դարձավ նաև Մանուէլ Պետրոսյանը: Հետևո՞ւմ էիր նրա պարտիաներին:

-Այո, հիմնականում միմյանց հետ էինք լինում, իր իմ պարտիաները միասին քննարկում: Իրար լավ նախապատրաստում էինք խաղերին: Ուզում եմ ասել, որ շատ ուրախ էի նաև նրա հաղթանակի համար:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում