Քաղաքագետն Ադրբեջանի որոշումները համարում է պահի ազդեցության տակ կայացված
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում միշտ չեն առաջնորդվում ըստ իրավիճակի գնահատականի, այլ հաճախ լինում են պահի թելադրմամբ ընդունված որոշումներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` թե հայկական, թե միջնորդների բարձրացրած ցանկացած հարց Ադրբեջանում ընկալում են որպես մարտահրավեր և ագրեսիան արդարացնելու ևս մեկ հնարավորություն: Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունը հենված է հայերի հանդեպ թշնամական կերպար ստեղծելու և իրենց դեմ պայքար սկսելու մտադրության վրա: Նա նաև նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոլորեցնել ադրբեջանցիներին:
«Ալիևն ապրիլին պատերազմ է սկսել և պարտվել է: Հիմա առաջնային խնդիր ունի ապացուցելու, որ այդ ամենն ապարդյուն չի եղել և Արցախը ուշ թե շուտ լինելու է Ադրբեջանի կազմում: Իսկ երբ Ադրբեջանի հասարակությունն ուզում է հասկանալ, թե ինչու էր պետք մոտ հազար զոհ տալ և ոչնչի չհասնել՝ այդ հարցերին ի պատասխան Ադրբեջանի իշխանություններն փորձում են նոր սուտ հորինել»,- նշեց Շահնազարյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի բյուջեի զգալի մասը պարզապես օգտագործվել է նրանց ոչնչացված զինվորների թաղումները կազմակերպելու համար: Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ նոր սրացումներ սկսել: Անգամ եթե բյուջեի կրճատվումներ չլինեին՝ Ադրբեջանը միևնույնն է որևէ լուրջ հաջողությունների չի կարող հասնել:
Քաղաքագետը, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ փակ դռների հետևում նրա վրա միջազգային ճնշում է գործադրվում Արցախի ճանաչման համար, նշեց, որ Ադրբեջանի նախագահը Ջոն Քերիի հայտարարությունն է այդպես ընկալում:
«Ալիևը դրանով փորձում է հանրությանը ցույց տալ, թե իբր այնքան ուժեղ գործիչ է, որ կարողանում է դիմակայել արտաքին ճնշումների: Այժմ ներկայացնում է որպես ճնշում, բայց հնարավոր է Քերիի հայտարարության ընկալման վերափոխում առաջանա Ադրբեջանում և այն ներկայացվի որպես պատերազմ սկսելու թույլտվություն»,- նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը դիվանագիտորեն փորձում է նախապատրաստել՝ իր հնարավոր ագրեսիվ գործողություններին: Ըստ նրա` թե հայկական, թե միջնորդների բարձրացրած ցանկացած հարց Ադրբեջանում ընկալում են որպես մարտահրավեր և ագրեսիան արդարացնելու ևս մեկ հնարավորություն:
Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել այն, որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ադրբեջանի կառավարության` նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ: «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում` նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ ճանաչման հարցով իր երկրի դեմ ակտիվ քարոզչություն է իրականացվում: Այս հարցում նա անգամ մեղադրել է Արևմուտքի երկրների լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին: