Պատգամավորի համար ակնհայտ է հասարակության մեջ մեկ ժողովրդավարական ընդդիմադիր ուժի պահանջարկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետք է լինի ընդամենը մեկ ուժեղ ընդդիմություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հոկտեմբերի 14-ն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը չունի այնքան ռեսուրս, որ 60 ընդդիմություն պահի: Մարտիրոսյանն ընդգծեց, որ ամենահարուստ և ամենաժողովրդավարական երկրներում գոյություն ունի ընդամենը մեկ ընդդիմություն և մեկ կառավարող կուսակցություն:
«2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, միգուցե, ինչ-որ ուժեր հայտնվեն, բայց բոլոր եղած ուժերը, եթե չմիավորվեն՝ չեն կարողանա ձեռնոց նետել կառավարող ուժին: Կա մեկ ժողովրդավարական այլընտրանքային ընդդիմադիր ուժի պահանջարկ հասարակության մեջ. դա ակնհայտ է»,- նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավորը:
Նա կոչ արեց ընդդիմությանը. որքան շուտ՝ այնքան լավ, միավորվել, քանի որ այլ տարբերակ չկա: