Քաղաքականություն

Թիվ 34 ԸԸՀ-ն հայտարարեց Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

6 րոպեի ընթերցում

Թիվ 34 ԸԸՀ-ն հայտարարեց  Գյումրիում  ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հոկտեմբերի 9-ին ամփոփվելու էին ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Լարված իրավիճակ էր ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մուտքի մոտ: Շատ գյումրեցիներ հավաքվել էին ներկա գտնվելու հանձնաժողովի նիստին, որի ժամանակ հանձնաժողովը պետք է վերջնական որոշում կայացներ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ և հայտարարեր ավագանու կազմը: Իրավապահ մարմինների թույլտվությամբ հանձնաժողովի նիստին ներկա գտնվեցին ԶԼՄ ներկայացուցիչները, ավագանու թեկնածուները և վստահված անձիք: Մինչ նիստի սկսվելը ներսում ևս լարված իրավիճակ սկսվեց, հնչեցին բողոքներ և ընտրությունների իրական արդյունքների հրապարակման կոչեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովն իր նիստը սկսեց մի փոքր ուշացումով, ապա հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը ներկայացրեց հանձնաժողովի օրակարգային հարցերը. Առաջինը՝ հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արձանագրութունների քննարկում, երկորդը՝ ընտրութունների արդյունքների մասին որոշման կայացում, և երրորդ՝ ավագանու անդամների ընտրության որոշման կայացում: Այնուհետև հանձնաժողովի նախագահը նշեց, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամանակ տեղի չեն ունեցալ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքերի վրա: «Ընտրական հանձնաժողովը հիմնվում է Ընտրական օրենսգրքի պահանջների վրա և հակառակ որոշումներ ԸԸՀ-ն չի կարող կայացնել»,- շեշտեց Էդվարդ Բաղրամյանը:

Այնուհետև հանձնաժողովի նախագահն, անդրադառնալով ավագանու անդամների մանդատների բաշխմանը, նշեց, որ ՀՀ ԸՕ 141 հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ մանդատները բաշխվում են այն կուսացությունների միջև, որոնք ստացել են կողմ քվեարակած թերթիկների և անճշտությունների գումարի՝ կուսակցության դեպքում՝ 6 տոկոս, իսկ կուսակցություն-դաշինքի դեպքում 8 տոկոս քվերակության քվեաթերթիկներ: Ըստ այդմ «Բալասանյան դաշինք»-ն ստացել է 34.67% քվե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 21.62%, «Հայկական վերածնունդը» 10.59%, «Գալա» կուսակցությունն էլ՝ 10.45%։

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստացել է 2475 ձայն (5.74%), «Համախմբումը»՝ 2469 ձայն (5.72%), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2313 ձայն (5.36%), «Ալյանսը»՝ 774 ձայն (1.79%), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 ձայն (1.48%), «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն (1.29%), Հայ ազգային կոնգրեսը՝ 417 ձայն (1.09%)։

«ՀՀ ընտրական օրենսգրքի 123 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գյումրու ավագանին կազմված է 33 անդամից: ՀՀ ԸՕ 141 հոդվածի 4-րդ մասում սահմանված բանաձևի համաձայն՝ «Բալասանյան դաշինք»-ի մանդատների թիվը կազմում է 15, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 5 «Գալա» կուսակցությանը՝ 4 մանդատ: Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է, որի պայմաններում 15 մանդատը ավելին է 40 տոկոսից և պակաս մանդատների բացարձակ մեծամասնությունից ՝ 17-ից: ՀՀ ԸՕ 141 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նման դեպքում տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվելու է «Բալասանյան դաշինք»-ին, իսկ մնացած 16 մանդատները պետք է բաշխվեն մյուս երեք կուսակցությունների ընտրական ցուցակների միջև ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8 «Հայկական վերածնունդը»՝ 4 «Գալա» կուսակցությունն՝ 4 մանդատ: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ 141 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ թիվ 34 ԸԸՀ-ը որոշում է՝ Գյումրու ավագանու անդամներ են ընտրվել՝ «Բալասանյան դաշինք»-ի թեկնածուների ցուցակից 17 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ 8 անդամ «Հայկական վերածնունդ»՝ կուսակցությունից՝ 4, «Գալա» կուսակցությունից ՝ 4 անդամ: Այս որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակվելուց հետո, որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ սահմանված կարգով և ժամկետներով»,- նշեց թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը՝ որոշումը դնելով հանձնաժողովի քվերակության:

Նշենք, որ որոշման քվերակության ժամանակ հանձնաժողովի 7 անդամներից 1-ը քվեարկեց ձեռնպահ, մյուսները՝ կողմ, սակայն, քանի որ քվեարկությունից հետո ԸԸՀ նախագահն չբարձրաձայնեց քվեարկության արդյունքները, իսկ շատերը չտեսան, թե ինչպես անցավ քվեարկությունը, ավելի ուշ 4 քաղաքական ուժերից 3-ը՝«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Գալա» կուսակցություններից ավագանիների թեկնածուները ԸԸՀ-ին ներկայացրեցին դիմում վերաքվեարկության վերաբերյալ: Թիվ 34 ԸԸՀ-ը այս դիմումի մասին որոշումը կհրապարակի 5 օրվա ընթացքում:

6 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններն, մի քանի օր առաջ իրենց տարածած հայտարարության համաձայն, մտադիր են միավորվելով բողոքարկել թիվ 34 ԸԸՀ-ի ավագանու մանդատների թվի վերաբերյալ որոշումը վարչական դատարան, իսկ մինչ այդ, ինչպես նախապես հայտարարել էին, կբոյկոտեն ավագանու նիստերը և չեն ներկայանա նիստերին:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում