Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկումայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար: «Տիկին քաղաքապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար: Մենք առանձնակի ենք կարևորում Փարիզի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, և համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքի համար, ինչը ևս անչափ կարևոր է մեզ համար: Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն կտա մեզ էլ ավելի ընդլայնելու համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Ըստ այդմ, տիկին քաղաքապետ, կառաջարկեմ ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի և հստակ կներկայացնի այն ուղղությունները, որոնցում մենք ունենք համագործակցության լայն հեռանկարներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա ընդգծել, որ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ տա:

«Պարոն քաղաքապետ, ինձ համար իսկապես հաճելի է գտնվել մի քաղաքում, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը, ինչի խոսուն ապացույցն է նաև ընդլայնված պատվիրակության կազմով մեր այստեղ գտնվելը: Երկու մայրաքաղաքների հաջողված համագործակցությունը նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամության արդյունքն է, որն ամուր թելերով է կապված: Փարիզի զարգացման գործում պետք է առանձնակի կարևորեմ հայ համայնքի դերակատարումը, որն, անշուշտ, մեծ է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Պարոն քաղաքապետ, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հրավերի համար, շնորհակալ եմ նաև Ձեր այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն: Վստահ եմ, որ առաջիկայում մենք կգրանցենք իսկապես շոշափելի արդյունքներ»,- նշել է Անն Իդալգոն և հույս է հայտնել, որ ապագայում առիթ կունենա փոխադարձ այցով Փարիզում հյուրընկալելու Երևանի քաղաքապետին:

Հանդիպման ավարտին կազմակերպված պաշտոնական արարողության շրջանակում, Երևանի և Փարիզի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Հայերեն English Русский

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները