Հասարակական

Երեւանի պատվավոր քաղաքացիները շնորհավորում են 2798-ամյա մայրաքաղաքի տոնը

3 րոպեի ընթերցում

Երեւանի պատվավոր քաղաքացիները շնորհավորում են 2798-ամյա մայրաքաղաքի տոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արեւի քաղաք Երեւան» կարգախոսին համահունչ՝ կարմիր, ծիրանագույն եւ սպիտակ հագած տոնում է ծննդյան 2798 ամյակը:

Տոնական օրը մայրաքաղաքին շնորհավորելուց անմասն չեն մնացել Երեւանի պատվավոր քաղաքացիները: Մայրաքաղաքի մշակութային գործունեության զարգացմանը մեծ ավանդ ունենալու համար՝ 2016 թվականին Երեւանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացածներից մեկն էլ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն է: Դերասանն «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ շատ է նվիրված իր մայրաքաղաքին եւ փոքր հասակից ինչով կարողացել նպաստել է վերջինիս գեղեցկության պահպանմանը: «Ես շատ եմ ոգեւորվում քաղաքի ամեն մի անկյունում փակցված պաստառից՝ «Ավելի մաքուր Երեւան», «Ավելի գեղեցիկ Երեւան» գրություններով: Կոչ եմ անում բոլորին ըստ արժանվույնս սիրել մեր մայրաքաղաքը եւ մաղթում, որ այն բոլորիս համար դառնա երջանկության քաղաք»,-ասաց ՀՀ ժողովրդական արտիստը:

2015 թվականին Երեւանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացած կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն էլ նշեց, որ Երեւանն իր համար աշխարհի ամենալավ քաղաքն է՝ իր շենք-շինություններով, մարդկանցով: «Ինչքան էլ Երեւանից արտագաղթեն, միեւնույնն է, այստեղ մնում են մարդիկ, ովքեր պահպանում են Երեւանի դեմքը: Եթե ամեն մեկը մեր քաղաքի «շենքում» մի քար ավելացնի, մենք կունենանք մեր երբեմնի երազած մայրաքաղաքը»,-հավելեց կոմպոզիտորը:

2000 թվականին Երեւանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացած ՀՀ օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանն էլ իր բարեմաղթանքն ուղղեց Երեւանցիներին՝ ցանկանալով նրանց ուրախ եւ առողջ ապրել:

Երեւանի պատվավոր քաղաքացի կոչմանն առաջին անգամ արժանացել է գիտնական Վիկտոր Համբարձումյանը՝ 1983 թվականին:

Երեւանի ծննդյան տոնն այս տարի նախորդ տարիների համեմատ ավելի զուսպ է նշվելու: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համար նախատեսված 130 միլիոն դրամից քաղաքային բյուջեից կծախսվի 65 միլիոն դրամը:Տեղի չեն ունենա Հանրապետության հրապարակի եւ Երեւանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող միջոցառումները: Մայրաքաղաքի տոնը, սակայն, կնշանավորվի 34 անուն բազմաժանր միջոցառումներով` Երեւանի ամենատարբեր անկյուններում: Օրը կեզրափակվի տոնական հրավառությամբ:

Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից: Այն պատմության մեջ 12-րդն է: Երեւանը հիմնադրել է Վանի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա 8-րդ դարում: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը, Երեւանը կդառնա 2800 տարեկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում