Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը 95-ամյակը կտոնի միջազգային գործընկերների հետ

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի` հոկտեմբերի 26-28-ը կտոնի հիմնադրման 95-ամյակը: Մոտ մեկդարյա պատմություն ունեցող բուհն ակտիվ միջազգային համագործակցություն է ծավալում գործընկերների հետ, ապրում ներբուհական ու ստեղծարար ակտիվ կյանքով: Տարեդարձի առիթով «Արմենպրես»-ը զրուցեց բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանի հետ:

-Ո՞ր միջազգային կառույցների հետ եք համագործակցում և ի՞նչ ձեռքբերումներ ունեք:

- Կրթության և գիտության որակի անընդմեջ զարգացումն ու բարձրացումը ենթադրում է սերտ համագործակցություն միջազգային ճանաչում ունեցող կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ։ Սա նաև մեր համալսարանի քաղաքականության հիմնասյուներից մեկն է։ Հայաստանի անկախությունից հետո միջազգային դաշտում համալսարանը զգալի ձեռքբերումներ է հաստատել։ Մասնավորապես մեր ճարտարապետության դիպլոմը ճանաչված է Ֆրանսիայի կառավարության կողմից։ Անցած տարի Ֆրանսիայի «Բարձրագույն կրթության և հետազոտությունների գնահատման բարձր խորհրդի», Իսպանիայի «Որակի գնահատման և հավատագրման ազգային գործակալության» կողմից համալսարանը անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ստացել հավատարմագրման հավաստագիր։ Սա լուրջ ձեռքբերում է, ինչը խթանում է նաև եղած և սպասվելիք մեր համագործակցությունները միջազգային դաշտում։ Համագործակցության ամենանշանակալի արդյունքներից մեկն էլ՝ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Միլանի պոլիտեխնիկի և մեր համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրը 2015թ. արժանացավ հեղինակավոր Եվրոպա Նոստրա-2015 մրցանակին «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում:

Մենք ակտիվ և սերտ համագործակցում ենք ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չինաստանի, Լեհաստանի համալսարանների հետ։ Այս պահին աշխատում ենք միջազգային մոտ 60 պայմանագրով:

Համալսարանն ակտիվորեն ներգրավված է ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանի բազմաթիվ դրամաշնորհային ծրագրերում՝ TEMPUS, Erasmus Mundus, Erasmus+, Linaeus Palme, DAAD և այլն: 1996 թվականից համալսարանը նշված և այլ ծրագրերով իրականացրել է 20-ից ավելի ծրագիր՝ ուղղված ուսումնական պլանների և կրթական ծրագրերի վերափոխմանն ու զարգացմանը, բուհի սարքավորումների արդիականացմանը և համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանը: Ներկայումս իրականացնում է 7 ծրագիր: Որպես կոնսորցիումի անդամ` համալսարանը 1996-2016թթ համագործակցել և համագործակցում է Բիրմինգհեմի համալսարանի (Անգլիա), Դուբլինի համալսարանի (Իռլանդիա), Փարիզի կամուրջներ և ճանապարհներ ազգային դպրոցի (Ֆրանսիա), Լեիրիայի պոլիտեխնիկական ինստիտուտի (Պորտուգալիա), Լիսաբոնի համալսարանի (Պորտուգալիա), Օստրավայի տեխնիկական համալսարանի (Չեխիա), Բնական գիտությունների էստոնական համալսարանի (Էստոնիա), Միլանի պոլիտեխնիկի (Իտալիա), Բոլոնիայի համալսարանի (Իտալիա), Շվեդիայի թագավորական համալսարանի (Շվեդիա), Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի (Իսպանիա) հետ: Համալսարանում առկա են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերապատրաստման կենտրոններ: Կազմակերպվել և իրականացվել են կրթական ու գիտահետազոտական համատեղ նախագծեր, միջազգային գիտաժողովներ և համագումարներ: Այդ աշխատանքները շարունակական են:

-Իսկ որքանո՞վ են ուսանողները ներգրավված փոխանակման ծրագրերում:

-Համալսարանի դասախոսներից և ուսանողներից կազմված խմբերը մշտապես մասնակցում են ուսանողական համատեղ նախագծային աշխատանքային փոխանակման ծրագրերին Կլերմոն-Ֆերանում, Սենտ Էտիենում, Լիոնում, Ֆլորենցիայի Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարներին, ճարտարապետություն մասնագիտությամբ դիպլոմային լավագույն աշխատանքների ամենամյա միջազգային մրցույթներին, Ռոստովի պետական շինարարական համալսարանում կազմակերպած միջազգային ուսանողական շինարարական արտադրական պրակտիկաներին, ավանդաբար կազմակերպվող «Կովկասը մեր ընդհանուր տունն է» խորագրով ամենամյա մարզամշակութային փառատոնին, միջազգային ամառային դպրոցներին՝ փոխանակման ծրագրերով:

Տարեցտարի ավելանում է նաև միջազգային մրցույթներում մրցանակի արժանացածների թիվը. այս տարի Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողների ներկայացված 27 աշխատանքից 16-ը արժանացել են առաջին կարգի մրցանակի, 11-ը՝ երկրորդ կարգի:

- Ինչ կասեք Ձեր համալսարանի կողմից շնորհվող դիպլոմների, վկայականների փոխճանաչման մասին:

-2012-2013, 2013-2014 ուսումնական տարիների ընթացքում Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Միլանի պոլիտեխնիկի ճարտարապետության և քաղաքաշինության հետազոտությունների դեպարտամենտը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության դեպարտամենտը համատեղ կազմակերպել են «Հայկական մշակութային ժառանգության պահպանում և վերականգնում» մասնագիտությամբ երկամյա մասթեր դասընթացներ, 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում՝ «Ճարտարապետական վերականգնում» և «Շինհրապարակի ղեկավարում» համալսարանական երկու նոր մասթեր մեկամյա դասընթացներ: Ծրագրի ավարտից հետո շնորհվող դիպլոմները ճանաչվել են երկու համալսարանների կողմից:

Իտալիայի Ուդինեի համալսարանի և Ռուսաստանի Մոսկվայի պետական շինարարական համալսարանի հետ կնքված համագործակցության պայմանագրերի հիման վրա համալսարանների համապատասխան մարմինները բանակցություններ են վարում շինարարության ոլորտում ակադեմիական ծրագրերի համապատասխանեցման ուղղությամբ, ինչը կրկնակի դիպլոմի շնորհման հնարավորություն կընձեռի: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռատգերս համալսարանի հետ կնքած պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել և համատեղ անցկացնել «Ծածկույթների նախագծում, կառուցում և շահագործում», ինչպես նաև «Ծրագրի ղեկավարում և որակի վերահսկում» թեմաներով մասնագիտական ​​վերապատրաստման կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում արտերկրում սովորող ուսանողները և ի՞նչ կասեք փոխանակման ծրագրի մասին:

-Առաջադիմության, լեզվի իմացության և, իհարկե, կարևորվում է պատասխանատվության զգացողությունը աշխատանքի, սովորելու նկատմամբ՝ վերջինս ոչ պակաս կարևոր գործոն է վերը թվարկած երկուսից։ Այս ուսումնական տարում երեք ուսանող սովորում է Միլանի պոլիտեխնիկում և մեկ ուսանող Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցում՝ կրեդիտների փոխադարձ պահպանման սկզբունքով: Մեկ տարի այլ երկրում սովորելուց հետո նրանք վերադառնում և շարունակում են կրթությունը մեզ մոտ: Ընդհանրապես համալսարանում ուսումնառությունը կազմակերպվում է հայերենով, անգլերենով, խմբերի առկայության դեպքում նաև ռուսերենով և ֆրանսերենով: Մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուներին՝ անգլերենի և, հատկապես, ֆրանսերենի իմացությանը, քանի որ 2011թ. դեկտեմբերին համալսարանն անդամագրվել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը (ՖՀԳ)` որպես ասոցիատիվ անդամ: ՖՀԳ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք փոխանակումներ, որոնց առ այսօր մասնակցել են համալսարանի 27 ուսանող և 53 դասախոս/վարչական աշխատող արտասահմանում և Հայաստանում: 2014թ. մայիսին համալսարանում հիմնվել է Ակադեմիական նվաճումների կենտրոն, որի նպատակն է ֆրանսերենի ուսուցումը, այդ նպատակով ուսանողների և դասախոսների համար անվճար դասընթացներ են կազմակերպվում, կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն է տարածվում և խրախուսվում է դրանց ուսանողների ու աշխատակիցների մասնակցությունը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ «Մանուկ Աբեղյանի» անվան մեր ավագ դպրոցում ֆրանսերեն դասավանդում է Ֆրանսիայից ժամանած դասախոսը։ Մեր համագործակցությունը Ֆրանսիայի դեսպանատան հետ բազմակողմանի է և շատ արդյունավետ։

-Գիտական մասով համագործակցություն կա՞ միջազգային դաշտում, և որքանո՞վ է այստեղ ՃՇՀԱՀ-ը նախաձեռնող:

-Համալսարանի նախաձեռնությամբ 2008 և 2010թթ. «Ճարտարապետություն և շինարարություն - արդի հիմնախնդիրներ» խորագրով առաջին երկու գիտաժողովները կազմակերպվել են Հայաստանի Հանրապետությունում: Նույն խորագրով միջազգային գիտաժողովների համակազմակերպիչների թիվը հաջորդաբար ավելացել է և գիտաժողովները անցկացվել են արտասահմանյան բուհերում՝ երրորդը՝ 2011թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանում, չորրորդը՝ 2012թ. Լեհաստանի Հանրապետության Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանում, հինգերորդը՝ 2013թ. Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում, վեցերորդը՝ 2014թ. Չեխիայի Հանրապետության Օստրավայի տեխնիկական համալսարանում, յոթերորդը՝ 2015թ. Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանում: Հերթական ութերորդ գիտաժողովը նախատեսվում է 2016թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում՝ նվիրված համալսարանի հիմնադրման 95-ամյակին:

Վենետիկի Սբ Ղազարի Մխիթարյան միաբանությունը և ՃՇՀԱՀ-ը 2014 և 2015թթ Վենետիկում համատեղ կազմակերպել են «Հայկական պատմաճարտարապետական և պատմամշակութային ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով միջազգային գիտաժողովները:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան