Քաղտեխնոլոգը կառավարությունում փոփոխություններից հետո ժողովրդի մոտ զգուշավոր լավատեսություն է տեսնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին խոսակցություններ էին շրջանառվում, թե Կարեն Կարապետյանը կարող է փոխել միայն իր խորհրդականներին, հենց այդ ժամանակ այնպիսի փոփոխությունների ականատես եղանք, որ երևի թե շատ շատերը չէին էլ սպասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախքան կառավարական փոփոխությունները ժողովուրդը գտնվում էր անվստահության մեջ: Սակայն դրանից հետո մարդկանց մեջ ի հայտ եկավ զգուշավոր լավատեսություն: «Եթե կառավարությունը չարդարացրեց այդ՝ ժողովուրդը վերադառնալու է նույն դիրքին: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը հանքային ջրի գովազդ է հիշեցնում. «Մենք բոլորս կախված ենք մի կում թարմ կառավարությունից. նույնիսկ տնային տնտեսուհին տանը պարապ սպասում է, թե երբ է նոր կառավարություն կազմավորվելու»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Նրա կարծիքով՝ վերջին կես տարում իշխանությունը հասկացավ, որ նոր մոտեցում է հարկավոր: Եզրափակելով իր խոսքը՝ Քոչարյանը նշեց, որ «իշխանության ներսում կան շատ ու շատ վարկաբեկված կերպարներ», և նրանցից ազատվելով՝ վարչապետը փորձում է բնակչության մեջ ամրապնդել հավատը կառավարության նկատմամբ: