ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևներ և կոչումներ է շնորհել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, ռազմական և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:
Մասնավորապես, մեդալներ շնորհվեցին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին, հայ արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին, հեռուստահաղորդավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանին, Միքայել Մելքումյանին, Մհեր Շահգելդյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, Արցախի հերոսԱրկադի Տեր-Թադևոսյանին,հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար` գնդապետ Գրիգորի Սահակյանին, գնդապետ Էրիկ Մկրտումյանին եւ այլոց:
Հետմահու պարգեւատրվեցին նաեւ ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված գնդապետ Արթուր Վանոյանը, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: 2016 թվականի օգոստոսի 2-ին մարտական դիրքերում վիրավոր ընկերոջն օգնելիս ականի պայթյունից զոհված կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանը հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի երկու տանկ խոցած Ռաֆիկ Կրպեյանն էլ արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ,Նախագահը շնորհավորեց պարգեւատրվածներին` մաղթելով նրանց անսպառ եռանդ իրենց գործունեության մեջ:
«Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաև անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում և ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում և մինչև այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունեն մեր կյանքում: Այսօր մենք արժանին ենք մատուցում նրանց: Հարգելի՛ պարգևատրվածներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Դուք տարբեր եք և ձեր գործունեությունն էլ է տարբեր՝ զինվորական, գրող, գիտնական, հասարակական, պետական ու քաղաքական գործիչ: Բայց դուք բոլորդ, մենք բոլորս անում ենք ընդհանուր գործ: Դուք ձեր գործով ու վարքով, ձեր կատարած աշխատանքով արդեն հասցրել եք հեղինակություն վայելել մեր ժողովրդի մոտ: Ձեր դիրքորոշումը, կեցվածքն ու կարծիքը մեր առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ կարևոր են ու ազդեցիկ մեր հասարակության համար:
Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով և մեծ նվիրումով: Պարգևատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք այս օրերին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերը ու նաև ասելիքն ունեք»,- նշեց Սերժ Սարգսյանը: