Կարծիքներ

Նոր վարչապետի նշանակումը լավ ընտրություն է. Վիգեն Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

Նոր վարչապետի նշանակումը լավ ընտրություն է. Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐ։ ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ վարչապետի փոփոխությամբ ճիշտ քայլ է արվել։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիգեն Խաչատրյանը նշեց, որ մեր պետությանը պետք էր մի մարդ, ով ծանրաբեռնված չէ անցյալի բեռով։ Այդ փաստը կօգնի ավելի ճիշտ ղեկավարել կառավարությունը:

Վիգեն Խաչատրյանը նաեւ նշեց, որ բավարար տեղեկատվություն եւ պատշաճ պատասխան չստացանք, թե ինչու հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը։

«Այստեղից կարող են սկսվել եւ սկսվում են տարբեր ենթադրություններ։ Իմ տեսակետից ճիշտ քայլ է արել պարոն Աբրահամյանը, որովհետեւ կա երկու կարեւոր խնդիր։ Ամենակարեւորն այն է, որ մարտահրավերները, որոնք կանգնած են հասարակության, տնտեսության առաջ, շարունակ չեն լուծվում, եւ գնալով վիճակը ավելի անհանգստացնող է դառնում։ Այսինքն՝ ժողովուրդը վստահություն չունի, որ կյանքը կբարելավվի: Այդ իսկ պատճառով դժգոհությունը համատարած է։ Կարծում եմ, որ մեր պետությանը պետք էր փոփոխություն»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ այժմ մենք կանգնած ենք մի շատ կարեւոր իրադարձության նախաշեմին, որին ամիսներ են մնացել։ Ինչպես գիտենք, Ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունենալու։ Եվ հիմա կան քաղաքական ուժեր, որոնք հավակնում են մասնակցել ընտրություններին եւ հասնել հաջողության։ Վիգեն Խաչատրյանի կարծիքով, այդ ուժերի կազմում չկա մեկը, որի առնչությամբ հասարակությունը վստահաբար ասի, թե գալով իշխանության՝ տվյալ ուժը կսկսի իրական բարեփոխումներ իրականացնել։ Բոլոր ուժերն էլ ունեն համակիրներ, բայց ամբողջությամբ վերցրած չկա մի ուժ, որը վստահություն ներշնչի, որ ի զորու կլինի նախաձեռնել նոր բարեփոխումներ եւ տնտեսության զարգացման հարցերը լուծել, կյանքը բարելավել եւ այլն։

Եզրափակելով իր խոսքը՝ Վիգեն Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ, նոր վարչապետի այսպիսի ընտրությունը վկայում է այն մասին, որ, իրոք, այսպիսի քաղաքական ուժ, ով իր մեջ ունի այդ քաղաքական ռեսուրսը, դեռ չկա»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում