Կարծիքներ

Մադրիդյան սկզբունքներն իրենց նախկին տեսքով այլեւս արդիական չեն. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Մադրիդյան սկզբունքներն իրենց նախկին տեսքով այլեւս արդիական չեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի կարծիքով` ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացը որոշակիորեն հայտնվել է փակուղում:

«Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում բավականին լարված հարաբերություններ են ստեղծվել, քանի որ այն պայմանավորվածությունները, որոնք փաստացիորեն ձեռք էին բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, Ադրբեջանի կողմից արդեն իսկ մերժվել են: Սա պատճառ է հանդիսացել նրան, որ հայկական կողմը նույնպես խստացնի իր դիրքորոշումը, եւ այսօր մենք նույնպես տեսնում ենք, որ փոխարտգործնախարարի մակարդակով է հայտարարվում, որ հայկական կողմը նախկին զիջումները վերանայելու քաղաքականություն է իրականացնում: Այսինքն` մադրիդյան սկզբունքներն իրենց նախկին տեսքով այլեւս արդիական չեն»,- «Արմենպրես»-ի մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` հետագա իրավիճակը կախված է լինելու արտաքին եւ ներքին մի քանի գործոններից:

«Ամեն ինչ կերեւա, նախեւառաջ, Ադրբեջանի քայլերից: Կարծում եմ` այն առաջիկայում կփորձի չեզոքացնել ապրիլյան պատերազմի ձախողված հետեւանքները: Հայկական կողմը նույնպես ամրապնդում է դիրքերը սահմանի ողջ երկայնքով, ինչով, ըստ էության, պատրաստվում է այդ հնարավոր ագրեսիայի դիմակայմանը: Դա լուրջ մտահոգությունների առիթ է տալիս թե՛ միջնորդներին, թե՛ տարածաշրջանային անվտանգությամբ հետաքրքրվող կողմերին, սակայն գործնական լուծում, որպես այդպիսին, նրանք չունեն: Դրա պատճառները, թերեւս, պարզ են, քանի որ անցած 22 տարիների ընթացքում ներկայացվել են գրեթե բոլոր հնարավոր տաբերակները»,- նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին` քաղաքագետը նշեց, որ, անկասկած, ամեն ինչ կանխորոշված է:

«Սահմանադրությունը միանշանակ ընդունվելու է այն էլ քվեների բարձր տոկոսներով, ինչպես սովորաբար լինում է Ադրբեջանում: Այս առումով որեւէ անակնկալի սպասելու կարիք չկա»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում