3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը, մարզահամերգային համալիրում տեղի կունենա համերգ «Անկախության սերունդ» համահայաստանյան նվագախմբի ու երգչախմբի մասնակցությամբ։ Շնորհալի երիտասարդների տաղանդի բացահայտմանը միտված նախագիծը մասշտաբային է։ Նվագախմբում և երգչախմբում ներգրավված են ավելի քան 700 պատանի և երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախագծի ղեկավար դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, երաժշտական այս կոլեկտիվի մոտ 80 տոկոսը մարզերից է: Երաժիշտների ընտրության գլխավոր չափանիշը եղել է վարպետության մակարդակը։ Նրա խոսքով՝ այս օրերին մասնագիտական պարապմունքներ են անցկացվում մասնակիցների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունը։ Նրանցից շատերն, ի դեպ, առաջին անգամ են հանդես գալիս նվագախմբի կազմում։
«Մենք հպարտանում ենք մեր անցյալով, սակայն ունենք նաև շատ լավ երիտասարդ սերունդ, որը կերտում է երկրի ներկան, իսկ արդեն վաղը կառուցելու է ապագան։ Եվ ՀՀ անկախության 25-ամյակին պետք է ներկայացնել հենց մեր ապագան կերտողներին»,-ասաց Սերգեյ Սմբատյանը։
Նվագախմբի կազմում ընդգրկված երաժիշտներից է ալտահար Ասատուր Ասատուրյանը։ 22-ամյա Ասատուրն ընդամենը հինգ ամիս առաջ է Հալեպից Հայաստան եկել` մշտական բնակության։ Սիրիայում ավարտել է կոնսերվատորիան, Հայաստանում տնտեսագետի մասնագիտություն է սովորում, սակայն շատ է ուզում երաժշտական կրթությունը շարունակել նաև այստեղ, քանի որ, ինչպես ինքն է ասում, երաժշտական կրթությունը Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան Սիրիայում։
Երիտասարդ ալտահարը նշում է, որ տարբեր խմբերի կազմում է նվագել, սակայն մեծ նվագախմբում՝ ոչ։ Եվ «Անկախության սերունդ» նախագծում հանդես գալը մեծ փորձառություն է իր համար։ Փորձերը բարձրացնում են իր կատարողական արվեստը։
«Մեզ հետ տարբեր ալտահարներ են պարապում այս օրերին, նրանցից էլ բավականին բան եմ սովորում։ Բացի այդ, հետաքրքիր է շփումը հայաստանցի երաժիշտների հետ։ Մ Հակառակ դեպքում չէի հաճախի, մեծ սիրով եմ մասնակցում այդ փորձերին։ Սա վարպետության դաս է ինձ համար»,- ասաց Հալեպից ժամանած երիտասարդը։
Սեպտեմբերի 21-ի տոնական երեկոյի ընթացքում հնչելու են բացառապես հայ երաժշտության նմուշներ։ Հանդես են գալու հանրահայտ երաժիշտներ՝ մեցցո-սոպրանո Վարդուհի Աբրահամյանը, բարիտոն Գևորգ Հակոբյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և ուրիշներ: