Քաղաքականություն

Մենք դանդաղելու իրավունք չունենք և ոչ էլ ժամանակ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ Խորհրդի նիստում անդրադարձել է նախատեսվող փոփոխություններին

7 րոպեի ընթերցում

Մենք դանդաղելու իրավունք չունենք և ոչ էլ ժամանակ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ Խորհրդի նիստում անդրադարձել է նախատեսվող փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է, որ առաջիկայում սպասելի պետք է լինեն էական փոփոխություններ: «Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատա­կադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապա­տաս­խանեց­ման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փո­փոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատա­իրավական համակարգ»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ լրատվական ծառայությունից, նշել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահի խոսքով` 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցա­ռում՝ պայմանա­վորված ա­ռա­ջին հերթին քա­ղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծա­ռացած հիմնարար խնդիրների հրա­մայականով: ՀՀ Նախագահը նշել է, որ Սահմանադրական քարոզարշավի ըն­թացքում բերված փաս­տարկները, թվե­րը, որոնք ակն­հայտորեն ցույց էին տալիս խորհրդարանա­կան կառավար­ման համա­կար­գի առավելությունները թե՛ երկրի կայու­նության, թե՛ տնտե­սական զարգացման և թե՛ քաղաքական համակարգի հու­սա­լիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քա­րոզ­չական հնարքներ:

«Իսկապես, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմա­նա­փակ­վեինք բարեփոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում: Այս տարվա փետրվարի 12-ին ես խոսեցի սահ­մանադրական բարեփո­խումների կեն­սա­գործման, հետևաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ: Տնտեսական բարեփոխումները նախըն­թաց տարի­ներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփոխում­ները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտեսական բարե­փոխումները առավել նպաստավոր պայմաններ կստ­եղծեն քա­ղա­քական բա­րեփոխումների համար: Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քա­ղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխում­ների արդյունք­ները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարե­փոխումների անհրաժեշտությունը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ քաղաքական բարեփոխումները ենթադ­րում են նախևառաջ քաղա­քական մշակույթ, քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղա­քական ընդդի­մախոսների հետ խոսելու բացառում, քա­ղաքական համակարգում նպատա­կասլաց ու գաղա­փարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղա­փարները մեկտեղելու հնարավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն:

Սերժ Սարգսյանի խոսքով` քաղա­քա­կան բարեփոխումներն ինք­նանպա­տակ չեն, դրանք այս կամ այն մի­ջազ­գային կազ­մակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սե­փական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով ար­ված բարեփոխումներ են:

«Կրկնում եմ՝ այս ամենի հիմքը նոր ընդունված Սահմանադրության մեջ է: Սահմանադրական բարեփոխումներին հաջոր­դեցին բավականին բարդ, աշխա­տատար, պրոֆեսիո­նալ լուծումներ պահան­ջող նախապատ­րաս­տա­կան աշխատանք­ներ, որոնց մեծ մասը չի եղել հրապա­րակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղա­քացիական հասա­րակության ներկայացուցիչների հետ այն աննա­խադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախա­պատ­րաստական աշխա­տանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատե­րազմից հետո: Պատե­րազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարու­նակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագ­րած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապա­ղելու ժամանակ մենք չունենք:

Հարգելի՛ կուսակից ընկերներ, հարգելի՛ ընկերներ, կրկնում եմ` մենք դանդաղելու իրա­վունք չունենք և ոչ էլ ժամանակ:

Վստահ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջ­նային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ մեզնից յուրա­քանչյուրը զբաղեց­նում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում»,- ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ` ՀՀԿ-ն բազմաշերտ է, այստեղ ներկայացված են հասարակության բոլոր շերտերը: «Մենք ապա­ցուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմանականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման հա­մար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահ­մանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձ­նելու այդ բարդ ու պատաս­խանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայ­րում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն»,- նշել է Նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում