Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ` վարչապետի հրաժարականը դեռ չի նշանակում արմատական փոփոխությունների սկիզբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը չի կարծում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը արմատական փոփոխությունների սկիզբն է:
«Մեզ պետք են համակարգային փոփոխություններ. ոչ հերթապահ ձեւով ընդունված օրենքներն են մեզ օգնելու եւ ոչ էլ կաբինետների դռների վրա անունների փոփոխությունները: Իհարկե, ինձ համար հասկանալի է վարչապետի հրաժարականը, սակայն կարծում եմ`այդտեղ չէ, որ պետք է փնտրել արմատական փոփոխությունների բանալին: Այդ բանալին պահանջում է գիտական իմաստավորում այն հասարակության, այն տնտեսակարգի, որի մեջ գտնվում ենք: Սակայն ցավոք, դա պահանջարկված չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Նիստի ընթացքում նա անդրադարձել է 2014 թվականի մայիս ամսին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից մինչև օրս կատարված աշխատանքներին: Ըստ վարչապետի` չնայած հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձեւավորելու համար գործադրած ջանքերին` հասարակությունը դեռևս մնացել է բևեռացված, ինչի հիմնական պատճառներից մեկը, վարչապետի կարծիքով, աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են:
«Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը` մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ»,- ասել է վարչապետը: