Սպորտ

Մեկնարկել է շախմատի համաշխարհային 42-րդ oլիմպիադան

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է շախմատի համաշխարհային 42-րդ oլիմպիադան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում մեկնարկել է Շախմատի համաշխարհային 42-րդ Օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 180 հավաքական թիմեր, իսկ կանանց մրցաշարին`140: Օլիմպիադայում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, ներկայացնում է տղամարդկանց և կանանց պայքարում գրանցված արդյունքները:

Մրցաշարում գործակցով բարձր հավաքականները հիմնականում ապացուցել են իրենց խաղային ավելի բարձր մակարդակը, սակայն գրանցվել են որոշ ուշագրավ և անակնկալ արդյունքներ ևս: Մասնավորապես, առաջին տուրում Բուլղարիայի ուժեղ հավաքականը, որի կազմում հանդես է գալիս աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը, չկարողացավ առավելության հասնել Սուդանի հավաքականի նկատմամբ. մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով:

Անակնկալ կարելի է համարել նաև 3-րդ տուրում Ռումինիայի հավաքականի հաղթանակը Նորվեգիայի նկատմամբ, որը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուն կարողացավ ոչ-ոքի խաղալ Կարլսենի հետ, իսկ Բոգդան-Դանիել Դեաչը հաղթեց Տարի Արյանին և միավոր պարգևեց Ռումինիային

Տղամարդկանց մյուս բոլոր առաջատար հավաքականները առաջին երեք տուրերում հաղթել են իրենց մրցակիցներին: Խաղացված երեք տուրից հետո 16 հավաքական թիմեր վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում առաջատար հավաքականներն արդեն մրցելու են միմյանց դեմ: Մասնավորապես տեղի կունենա մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը. Ռուսաստանը կմրցի Ուկրաինայի դեմ: Չեմպիոնի կոչման հավակնորդներից Միացյալ Նահանգների հավաքականի մրցակիցը կլինի Չեխիան, իսկ գործող չեմպիոն Չինաստանի հավաքականի մրցակիցն է լինելու Իտալիայի ընտրանին:

Կանանց մրցաշարում նույնպես կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Վերջին երեք օլիմպիադաների հաղթող Ռուսաստանի կանանց հավաքականը տարել է երեք հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երեք հաղթանակ է տոնել նաև չեմպիոնության հավակնորդ Ուկրաինայի կանանց ընտրանին, իսկ ահա հաղթողի կոչման մյուս երկու հավակնորդները` Չինաստանը և Վրաստանը, ունեն միավորային կորուստներ: Վրաստանի կանանց հավաքականը երկրորդ տուրում անսպասելիորեն զիջեց Ֆիլիպինների կանանց թիմին, իսկ Չինաստանը, որի կազմում հանդես է գալիս կանանց աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, ոչ-ոքի խաղաց Վիետնամի հավաքականի հետ: Կանանց մրցաշարում առանց թիմային միավորների կորստի են ընթանում 13 հավաքական թիմեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում