Քաղաքականություն

Հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման` հայ ժողովրդի պայքարը շարունակական է. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման` հայ ժողովրդի պայքարը շարունակական է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի պայքարը շարունակական է, քանի դեռ աշխարհի որևէ ծայրում մարդկանց բնաջնջում են խմբային պատկանելության պատճառով միայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Բրազիլիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, մենք, առավել քան երբևէ, համախմբվեցինք, մեկտեղեցինք մեր ուժերն ու միասնական ոգով կարողացանք աշխարհին ապացուցել, որ անհողդողդ է հայի կամքը, հաստատակամ նրա պայքարը՝ հանուն արդարության հաստատման, հանուն ցեղասպանություն հանցագործության դատապարտման»,- շեշտել է երկրի ղեկավարը:

«Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նաև խորին շնորհակալություն է հայտնել ինչպես Բրազիլիայի տեղական կառավարման մարմիններին՝ ի դեմս Սան Պաուլո նահանգի ղեկավարների, այնպես էլ Բրազիլիայի Դաշնային խորհրդարանին, որը 2015թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Այդ բանաձևով, Բրազիլիան արժևորեց իր սահմաններում բնակվող հայ փախստականների հազարավոր ժառանգների նպաստը այս երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում:Մենք մոտիկից հետևել ենք ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Բրազիլիայում կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին: Շնորհակալ եմ ձեզ, բրազիլահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին, անհատներին ազգանվեր գործունեության, Մայր Հայրենիքին ու անկախ Արցախին նեցուկ կանգնելու պատրաստակամության, հայապահպանմանն ուղղված ամենօրյա նվիրումի համար։ Վստահ եմ, որ նույն ոգով շարունակելու ենք համագործակցել և կյանքի կոչել գալիք բազմաթիվ ծրագրեր»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում