Արման Նավասարդյանը բացառում է Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցությունը բացառվում է: Օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Դա հնարավոր չէ: Ես այս հարցով զբաղվում եմ արդեն 25 տարի, եղել եմ Հայաստանի առաջին ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում: Դեռ այն ժամանակ Թուրքիան ամեն ինչ անում էր` խաղի մեջ մտնելու համար, սակայն երբեք չի ստացվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նավասարդյանը:
Նա վստահեցրեց, որ Թուրքիան չի կարող մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներին, քանի որ Հայաստանը դա թույլ չի տա: