Հարցազրույց

Փառատոնը մշակութային այցեքարտ է. Տիգրան Մարտիրոսյան

3 րոպեի ընթերցում

Փառատոնը մշակութային այցեքարտ  է. Տիգրան Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի ընթացքում Ծաղկաձորում կարելի է արվեստի հետ առնչվող տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հանդիպել:«Մնջախաղը ինտելեկտուալ, համամարդկային լեզու է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը:

-Առաջին անգամ եք ներկա փառատոնին:

-Չորրորդ փառատոնն է, որին հետևում եմ: Նեղ մասնագիտական հետաքրքրություն ունեմ պլաստիկ արվեստի՝ հատկապես մնջախաղի նկատմամբ: Այս տարի ակտիվ մասնակից եմ՝ կազմակերպում եմ քննարկումներ և կոնֆերանսներ:

-Հետևե՞լ եք ներկայացումներին: Ո՞ր թատերախմբերն են ձեզ հատկապես դուր եկել:

-Դիտել եմ այս օրերի ընթացքում հանդես եկած արտիստներին, սակայն փառատոնը չի ավարտվել և վերջնական կարծիք չեմ կարող հայտնել: Գիտեմ, որ Վահրամ Զարյանը չի՛ կարող վատ ներկայացում ցուցադրել. նրա պլաստիկան, տեխնիկան, ճաշակը բարձր են: Սովորել է Մարսել Մարսոյի դպրոցում և եթե անգամ շատ ցանկանա, չի կարող վատ ներկայանալ: Շատերն են հավանել Իրանի ներկայացուցիչներին, բայց ինձ հատկապես տպավորել են թատերական ինստիտուտի ուսանողները «Մեդուզա» ներկայացմամբ: Կարծում եմ՝ բեմադրության հեղինակ Մերի Տերտերյանը հետաքրքիր մտածողություն ունի, սակայն կարող էր ավելի ակտուալ մեկնաբանել այս թեման: Առավելապես ինձ դուր է եկել գլխավոր դերակատար Աննա Վարդանյանը: Նրա մոտեցումը, դիմախաղը հետաքրքիր ու տպավորիչ են:

-Նկատել եմ, որ ներկայացումներում օգտագործվում են հանրահայտ, հզոր երաժշտություններ: Ի՞նչ եք կարծում նման երաժշտությունը կարո՞ղ է կոծկել բեմադրության թերությունները կամ հակառակը ՝ խանգարել բեմադրությանը:

- Էմոցիոնալ հզոր ֆոն ունեցող երաժշտություն ընտրելիս պետք է պլաստիկայով ապահովել համապատասխան էմոցիոնալ նշաձողը: Հակառակ դեպքում կոնտրաստ և կոմիկական վիճակ է ստեղծվում: Պարարվեստում մարմնի շարժումները համապատասխանեցնում ենք երաժշտության ռիթմին, իսկ մնջախաղում հնչող մեղեդին շարժման միջոցով համապատասխանեցնում ենք կերպարի ներքին վիճակին, ներքին տոնայնությանը:Հզոր երաժշտությանը համապատասխան պլաստիկա ապահովելու համար պետք է կենսափորձ, զարգացած հոգետեխնիկա ունենալ:

- Փառատոնը նպաստո՞ւմ է մնջախաղի զարգացմանը:

-Փառատոնը նպաստում է մնջախաղը լայն զանգվածներին ներկայացնելուն, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում: Այն մշակութային այցեքարտ է, սակայն ոլորտի զարգացման համար աշխատանքային պայմաններ են անհրաժեշտ: Պայմանների բացակայության պատճառով մնջախաղը սիրողական բնույթի է դառնում:

-Շնորհակալություն զրույցի համար:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում