ՌԴ-ի եւ Թուրքիայի մրցակցության հաղթահարման համար ավելին կպահանջվի, քան մեկանգամյա հանդիպումը. Ռիչարդ Գիրագոսյան
2 րոպեի ընթերցում
![ՌԴ-ի եւ Թուրքիայի մրցակցության հաղթահարման համար ավելին կպահանջվի, քան մեկանգամյա հանդիպումը. Ռիչարդ Գիրագոսյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/08/856898.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի համոզմամբ՝ քիչ հավանական է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ինչ-որ կերպ սպառնալիք դառնան Արեւմուտքի համար:
«Կարծում եմ՝ ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի շրջանակում, չնայած Արեւմուտքի հետ Թուրքիայի վատթարացած հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ նոր բախմանը, Արեւմուտքը մի շարք հարցերում պետք է զգուշանա եւ՛ Ռուսաստանից, եւ՛ Թուրքիայից: Սակայն խելամիտ չի լինի զգուշանալ ռուս-թուրքական մերձեցումից: Փաստացիորեն, Արեւմուտքը պետք է խրախուսի ճգնաժամի սրացման թուլացումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ ռուս թուրքական հարաբերությունների բարելավումը չի կարող փոխարինել կամ այլընտրանք լինել Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների համար:
«Չնայած Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների ներկայիս ճգնաժամին՝ Թուրքիայի ղեկավարությունը բավականին խոհեմ է, որպեսզի պահպանի Արեւմուտքի հետ ունեցած կապերը: Թուրքիան գիտակցում է, որ այս խառնաշփոթ իրավիճակի հետեւում Ռուսաստանը գործում է դեռեւս անապահովության դիրքերից»,- կարծում է փորձագետը:
Ռիչարդ Գիրագոսյանի դիտարկմամբ՝ երկու երկրներին ներհատուկ մրցակցության հաղթահարման համար ավելին կպահանջվի, քան մեկանգամյա հանդիպումը, քանի որ նրանց ավելի շատ բան է բաժանում, քան միավորում:
«Թուրքիայում ձախողված հեղաշրջումից քաջալերված` Էրդողանը միմիայն կձգտի էլ ավելի ամրապնդել իր դիրքերը: Այս տեսանկյունից հենց Արեւմուտքն է, որն ավելի մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար, քան Ռուսաստանը, հատկապես երբ Թուրքիան գիտակցում է, որ իր ռազմավարական կարեւորությունը դեռեւս ճակատագրական է Արեւմուտքի շահերի համար»,- նշեց Ռիչարդ Գիրագոսյանը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման պատճառով հարաբերությունների սառեցումից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ հանդիպել են օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: