Ֆրանսահայ լուսանկարչի «լավագույն կադրը» The Guardian-ում. տղամարդը պարում է՝ ի հիշատակ կորցրած որդու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Guardian պարբերականն իր «իմ լավագույն կադրը» շարքում այս անգամ ներկայացրել է 55-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարը, որտեղ հայրը պարում է՝ ի հիշատակ կորցրած զավակի:

«Ես զբաղվում էի պարով նախքան լուսանկարիչ դառնալս: Ծնվելով Ֆրանսիայում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում, ինձ համար պարը այն քիչ հնարավորություններից մեկն էր, որով կարողանում էի կապվել իմ հայրենիքի հետ, որտեղ երբեք չեմ եղել: Դա մի ուղի էր վերակենդանացնելու այն պատմությունները, որոնք ինձ էին հասել իմ մեծ ծնողներից: Պարը պատահականորեն ինձ տարավ դեպի լուսանկարչություն, սակայն այդ երկուսն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան հնարավոր է պատկերացնել: Երկուսն էլ արտիստիկ տեսողության եւ տեխնիկայի համադրություն են: Երկուսն էլ ինչ-որ պատմություն են պատմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացրել է լուսանկարիչը՝ նշելով, որ լուսանկարչությունն ավելին է, քան պարզապես նկարներ անելը:

«1988 թվականին, երբ Գյումրու երկրաշարժը ցնցեց Հայաստանը, եւ 40 հազար մարդ զոհվեց, հարյուրավորները տեղահանվեցին, ես այնտեղ էի մի մարդասիրական կազմակերպության հետ միասին: Լուսանկարչությունը դարձավ ավելին, քան պարզապես այդ աղետի մասին վկայություններ ցուցադրելը: Այն 1915 թվականից ի վեր հայկական ինքնության, մշակույթի եւ հիշողության հնագիտական մի ամբողջ հետազոտություն է: Ես շատ շուտով հասկացա, որ ռեպորտաժները չեն կարող ներկայացնել պատմությունները, որոնք ես ցանկանում էի պատմել: Լուսանկարչությունն ինձ հետաքրքրում էր, սակայն ոչ ֆոտոլրագրությունը, քանի որ այդպես չէի կարող ուսումնասիրել այն, ինչ ես պատկերացնում էի որպես Հայաստանի ինքնություն՝ պոեզիա, կապը սեփական հողի հետ, հին բանահյուսական ավանդույթներ: Ամեն անգամ, երբ նկարներ եմ անում, առերեսվում եմ իմ պատմությանը: Այդ պայմաններում, օբյեկտիվությունը պարզապես թյուր է»,-ասել Անտուան Ագուջյանը:

Իր լավագույն լուսանկարում պատկերված տղամարդուն լուսանկարիչը նկարել է Ապարանում:

«1998 թվականին ես Ապարանում էի՝ մայրաքաղաք Երեւանից ոչ շատ հեռու մի մեծ քաղաքում: Տեղական պարի խումբն էր ելույթ ունենում այդ երեկո բաց երկնքի տակ: Ծեր ու երիտասարդ հավաքվել էին: Առաջին նկարս անելուց հետո, մի ծեր տղամարդ մոտեցավ ինձ արցունքներն աչքերին: Նա ինձ ասաց, որ իր որդին մահացել է էլեկտրահարումից, որ նա իր հպարտությունն ու ուրախությունն էր, եւ որ ես իրեն շատ նման եմ: Նա հեծկլտալով գրկեց ինձ: Նրա անունը Իշրան էր: Ես նրան խնդրեցի պարել ինձ համար, եւ նա սկսեց պարել: Դա գեղեցիկ էր, ոչ որովհետեւ այդ տղամարդն էր գեղեցիկ, այլ որովհետեւ նա ներկայացնում էր հայերի գիտակցության մեջ մի խորը երեւույթ. նա տոնական շնչով հաղթահարում էր այդ ահռելի կորուստը»,-պատմել է նա:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լուսանկարիչը վստահ է, որ ավելի ու ավելի երկրներ պետք է դա անեն:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակից հետո աշխարհն ավելի ու ավելի է իր ուշադրության կենտրոնում պահում «ցեղասպանություն» բառը: Որքան Էրդողանը հերքում է այդ իրողությունը, այնքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Մենք գիտենք՝ ինչ է նշանակում անհետանալ, եւ մենք դիմադրում ենք դրան անկախ ամեն ինչից»,-եզրափակել է ֆրանսահայ լուսանկարիչը:

Հայերեն English

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Երեկոն թանգարանում․ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ՕԿՀ առաջին մակարդակի ինքնագնահատում