Կարծիքներ

Մտավորականներն անընդունելի են համարում ծայրահեղ միջոցներով խնդիրների լուծումը

3 րոպեի ընթերցում

Մտավորականներն անընդունելի են համարում ծայրահեղ միջոցներով խնդիրների լուծումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծայրահեղ միջոցներով նպատակի հասնելը դատապարտելի է, ինչքան էլ վեհ լինի գաղափարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 19-ի հրավիրված ասուլիսում զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու և բռնության սպառնալիքով մարդկանց պահելու վերաբերյալ նման տեսակետ հայտնեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:«Հասարակության մեջ միշտ էլ լինում են տարբեր խնդիրներ և դժգոհություններ, բայց չի նշանակում, որ պետք է ծայրահեղ քայլերով հարցերը լուծել: Քաղաքական խնդիրներն ահաբեկչությամբ լուծելն անընդունելի է: Սպանությունը և բռնությունն արդարացնելը մեծ չարիքի է բերելու ապագայում: Բոլոր խնդիրները կարելի է լուծել օրինական ճանապարհով»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը: Գրողների միության նախագահը հորդորում է զինված խմբին, որպեսզի հանձնեն զենքերը և չվտանգեն ոչ իրենց, ոչ ուրիշների կյանքը:

Ռուբեն Բաբայանն իր հերթին նշեց, որ ոչ մի դեպքում պետք չի անցնել արյան սահմանը:

«Մարդասպանությամբ չի կարելի ինչ-որ հարցեր լուծել: Ամենապայծառ գաղափարը նշանակություն չի ունենա, եթե այնտեղ պետք է մարդ զոհվի: Գաղափարները չեն, որ մարդկությանը տանում են առաջ ,այլ միջոցները որոնցով իրականացվում են այդ գաղափարները: Օրինակ՝ կոմունիստները ունեին հրաշալի գաղափար՝ համաշխարհային արդարություն և հավասարություն, բայց ի՞նչ միջոցով իրականացրեցին այդ գաղափարները»,- նշեց Բաբայանը:

Նա ասաց, որ այս զինված խմբի գործողությունն ահաբեկչություն է:

«Այս գործողություններով նրանք ոչինչ չեն կարող փոխել: Որևէ իշխանություն, որը կենթարկվի նման պահանջների իրավունք չունի այլևս մնալ իշխանության, քանզի ապագայում ուրիշներին նույնպես կգայթակղի այսպիսի գործողություններով հասնել իրենց նպատակին»,- եզրափակեց Բաբայանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ առկա է 4 մարդ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում