«Դոգմա»-ն «Նա Նե» ալբոմում ամփոփում է մարդկային ապրումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Դոգմա» էթնիկ-պրոգրեսիվ ռոք խումբը թողարկել է ինը երգից բաղկացած իր նոր «Նա Նե» ալբոմը, որը խումբը նշել է համերգ-շնորհանդեսով Երևանի պետական տիկնիկային թատրոնում:Այդ առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է «Դոգմա»-ի մեներգչուհի Զառա Գևորգյանի հետ:

-«Նա Նե»-ն «Դոգմա»-ի թվով երրորդ ալբոմն է, որ հնչողությամբ բավականին տարբերվում էր նախորդներից: Ո՞րն է դրա ասելիքը և ինչպե՞ս այն կբնութագրեիք:

-«Նա Նե»-ի երաժշտությունն ու բառերը գրվել են մեկ շնչով: Այս ալբոմը քննարկում, երկխոսություն է մարդկային ճակատագրերի մասին: Այստեղ մարդկային ապրումներն ու հույզերն են, որոնց մասին գուցե մի փոքր վախենում ենք խոսել, սակայն ալբոմում անդրադառնում ենք դրանց: Այստեղ չկա առերես բողոք, բայց յուրաքանչյուր տող կարող է որոշակի խնդրի մասին խոսել տողատակում: Դրանք զուսպ, ներքին ընդվզումներ են: Որոշ երգեր հուշում են, թե ինչպես որոշակի սկզբունքների վրա ապրել կյանքը, թեպետ, ալբոմը բավականին թեթև է:

-Իսկ ինչո՞ւ «Նա Նե», կմեկնաբանե՞ք անվանումը:

-Ալբոմի անվան միտքը հենց «Նանե» կատարումից է ծագել: Մենք նրան վերաբերվեցինք ինչպես չպլանավորված երեխայի, որը ծնվում, մեծանում ու սկսում է ապրել իր կյանքով: Եվ այդպես «Նա»-ն ու «Նե»-ն սկսում են իրենց կյանքը կազմակերպել: «Նա»-ն ու «Նե»-ն մարդկության ու երկխոսության խորհրդանիշեր են, այլ ոչ թե գենդերային:

- Նոր ալբոմում կա՞ որևէ երգ, որ Ձեզ համար յուրահատուկ է, կամ ավելի շատ եք սիրում:

-Դժվարանում եմ պատասխանել, քանի որ այս երգերը դեռ շատ չեմ երգել, պետք է ժամանակի ընթացքում վերաբերմունք ձևավորեմ նրանց նկատմամբ: Բայց իմ երգերը նման են սեփական երեխաների, չեմ կարող առանձնացնել նրանցից որևէ մեկին:

-Երկա՞ր եք աշխատել երաժշտությունն ու բառերը գրելու վրա:

-Առհասարակ, մեր երաժշտության համար բարդ է գրել խոսքեր, որովհետև «կոտրված» ռիթմերը շատ են, տողերը «պտտվում են» և զգացվում է ներքին հանգի կարիք: Այսինքն՝ երաժշտությունն արդեն իսկ տրամադրում է որոշակի հանգի ու բառն ընտրելիս դրան էլ պետք է տրամադրել: Շատ երկար եմ աշխատել երգերի վրա ու ավելի բարդ աշխատանք է եղել, քան նախկինում: Գուցե նրանից է, որ աշխատելու ժամանակն էր քիչ:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք համագործակցել Արտո Թունջբոյաջյանի հետ:

-«Գարուն» երգն առաջին անգամ լսելիս հարցրի Հենոյին («Դոգմա»-ի կիթառահարը),արդյոք այն Արտոյի համար չէ գրված: Մենք ծիծաղեցինք, բայց ամեն անգամ լսելիս հիշում էինք այդ միտքը, որովհետև շատ հնչողությունը արտոյական էր, բայց միտումանվոր արված կամ կրկնօրինակված չէր: Մենք Արտոյին ուղարկեցինք երգն ու առաջարկեցինք միասին երգել. նա միանգամից համաձայնել ու մեզ համար դա մեծ ուրախություն էր: Մեկ օրում ձայնագրել ենք երգը և ստացվել է շատ անսովոր դուետ:

-Ինչպիսի՞նն են Ձեր տպավորությունները «Նա Նե»-ի համերգ-շնորհանդեսի երեկոյից:

- Հոգնեցի, իհարկե, բայց ամեն անգամ մարդկանց ժպիտներից ես եմ լցվում էներգիայով, նույնիսկ եթե նրանք զուսպ նստած լսում են: Համերգներից հետո գիշերները չեմ կարողանում քնել, որովհետև ստացված լիցքերը սպառելու կարիք եմ ունենում: Համերգի ժամանակ գտնում եմ ներդաշնակություն, ինչը կյանքում ավելի դժվարությամբ է հաջողվում: Բեմում ամեն անգամ վերածնվում եմ:

-Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր հանդիսատեսին:

-Մեր հանդիասատեսը նման չէ ուրիշին, ներառում է տարիքային մեծ խումբ ՝ մեծից փոքր: Նրանց մոտեցումն էլ համերգին կախված է դրանից. մեկը նստած ուշադիր լսում է, մյուսն ավելի աշխույժ է, բոլորը տարբեր են: Բայց միանշանակ մեր հանդիսատեսն ինտելեկտուալ է:

Հարցազրույցը՝ Լուսինե Ղազարյան

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը