Վերջին 3 ամիսը սառը ցնցուղ էր հայ ժողովրդի համար. Ազատ Արշակյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ վերջին երեք ամսվա ժամանակաշրջանը, կարծես, սառը ցնցուղ լիներ հայ ժողովրդի համար: Սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից` մինչև հուլիսի 17-ի ամառային առավոտվա իրադարձությունները` զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք ներխուժելը, ծանր փորձություն էին հայ ժողովրդի համար: «Սա չափազանց ծանր հարված էր մեր պետականությանը. մարդիկ իրենց իրավունք են վերապահում փողոցում մարդ գնդակահարելգնդապետին, ով կատարում էր իր պարտականությունը: Սա արդեն շատ լուրջ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Իսկ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ կատարվածն անցյալից դասեր չքաղելու հետեւանքն է: «Այս երեւույթը տարավ տգիտության խորքը: Ես ամեն ինչ պատկերացնում էի, սակայն որ հայը հային պատանդ կվերցներ, եւ նույնիսկ զոհ կլիներ, չէի պատկերացնում: Սա պատահականություն չէր: Տարիներ շարունակ նույն բանը կրկնվում է՝ մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, ինչու դաս չէին վերցրել: Ես պարզապես կոչ եմ անում տղաներին, ընդհանրապես բոլորին՝ մտավորականությանը, իշխանությանը, քաղաքական գործիչներին երկխոսության մեջ մտնել»,- եզրափակեց քանդակագործը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան: