ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ավանդների ապահովագրության հիմնադրամը դադարեցրել է այդ երկրի չափերով վեցերորդ մասնավոր բանկի` Bank Asya-ի գործունեությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Bank Asya-ն սերտորեն կապված է ԱՄՆ-ում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ: Պաշտոնական Անկարան Գյուլենին անվանում է հունիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր գաղափարախոս:
Միջազգային ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնում են, որ Գյուլենի հետեւորդների կողմից հիմնադրված Bank Asya-ն քարոզչի հետ կապված քսան ընկերություններից մեկն է: Դրանց թվում են նաև ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնք ճնշման են ենթարկվել թուրքական կառավարության կողմից:
Հուլիսի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է երկրի բոլոր պետական ինստիտուտները մաքրել այն մարդկանց «վիրուսից», որոնք պաշտպանում են Գյուլենին:
Հուլիսի 15-ի երեկոյան խռովարար զինվորականների խումբը փորձել է զավթել Թուրքիայում իշխանությունը: Խռովությունը հաջողվել է ճնշել: Խռովության արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 290 մարդ:
2013 թվականի դեկտեմբերի կեսերին թուրքական հասարակությանը հայտնի էր դարձել «Մեծ կաշառք» աղմկալից կոռուպցիոն սկանդալի մանրամասները, որում մասնակից է Էրդողանի մերձավոր շրջապատը, նրա ազգականները (որդին, փեսան, դուստրը), ինչպես նաեւ թուրքական կառավարության անդամներ, այդ թվում` 4 նախարարներ: Դրանից հետո ԱԶԿ-ի կառավարությունը մի շարք նմանատիպ ոստիկանական գործողություններ է անցկացրել առեւտրականների, ուսուցիչների, դատական եւ իրավապահ մարմինների աշխատակիցների, լրագրողների եւ բիզնեսմենների նկատմամբ, որոնց հետագայում մեղադրել են «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու մեջ:
Էրդողանը Գյուլենի շարժմանը մեղադրել է գործող կառավարությունը տապալելու դավադրության մեջ, եւ հայտարարել, որ կոռուպցիայի մասին գործը մոգոնվել է «զուգահեռ կազմավորման» անդամ հանդիսացող դատախազների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ ժամանակվանից ձերբակալվել են հարյուրավոր ոստիկաններ, որոնց նկատմամբ «հետաքննչական միջոցառումների ժամանակ ապօրինի գործողություններ թույլ տալու» մեղադրանքներ են առաջադրվել: Թուրքիայի նախագահը խոստացել է, որ «վհուկների որս» կսկսի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կասկածի տակ կընկնի «Հիզմեթ» շարժման հետ կապերի ունենալու մեջ: Գյուլենի ուսմունքի հետեւորդները ժխտում են իրենց դեմ առաջադրվող մեղադրանքները:
Թափավոր իսլամի քարոզիչ Գյուլենը 1990-ական թվականների վերջից բնակվում է ԱՄՆ-ում, սակայն, որոշակի ազդեցություն ունի հայրենիքում: Սկզբում նա օգնել էր Էրդողանին գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի կառավարման նկատմամբ նրանց հայացքները բաժանվել են: 2013 թվականին կոռուպցիոն սկանդալից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: