Կարծիքներ

Տարածքներ հանձնելու տեղեկություններ շրջանառելը քաղաքական բլեֆ է. Արման Նավասարդյան

2 րոպեի ընթերցում

Տարածքներ հանձնելու տեղեկություններ շրջանառելը քաղաքական բլեֆ է. Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տարածքներ հանձնելու մասին տեղեկություններ շրջանառելը քաղաքական բլեֆ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Եթե այդ մասին ասողները քաղաքականությունից քիչ թե շատ հասկանում են, ապա գիտեն, որ նման բան չի կարող լինել: Ադրբեջանն ամեն ինչ անում է հողերը վերցնելու համար և այլընտրանքի մասին չի խոսում: Նա հիմա ասում է տարածքները վերադարձրեք, դա մեկ, և երկրորդ, Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա: Այսինքն` ասում է այն, ինչը բացարձակ չի համընկնում Հայաստանի դիրքորոշման հետ: Սա փակուղային իրավիճակ է»,-ասաց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե Ռուսաստանը նման տարածքներ հանձնելու ծրագրեր ունի, ապա Արման Նավասարդյանը նշեց, որ այդ ուղղությամբ շարժվելով` Ռուսաստանը ևս կտուժի:

«Նման դեպքում Ռուսաստանը կա'մ Հայաստանին կկորցնի, կա'մ Ադրբեջանին: Հետևաբար նա նաև կկորցնի իր դիրքերը Հարավային Կովկասում: Ամերիկացները շատ լավ գիտեն ու, կարծես թե, Ռուսաստանին հրում են այդ ուղղությամբ»,-ասաց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին և ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, ապա Արման Նավասարդյանը նշեց, որ գերտերությունները դեմ են ռազմական գործողություններին, սակայն ոչինչ բացառել պետք չէ:

«Ոչ ոք տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, մասնավորապես, Ռուսաստանը, որովհետև առանց այն էլ գտնվում է բավական ծանր քաղաքական իրավիճակում: Չնայած դրան, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի գնա ռազմական գործողությունների: Ադրբեջանը բացարձակ չի ընդունում խնդրի խաղաղ կարգավորման տարբերակը»,-հավելեց Արման Նավասարդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում