Ռիմա Առաքելյանը ողջամտության կոչ է անում. չպետք է թույլ տալ հակառակորդին օգտվել իրավիճակից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍՙԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, ՊՆ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը ողջամտության կոչ է անում Երևանում հուլիսի 17-ին ստեղծված իրավիճակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ մի խումբ անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու և բռնության սպառնալիքով այնտեղ մարդկանց պահելու միջադեպը կարող է ազդեցություն ունենալ երկրի սահմանների իրավիճակի վրա:
«Հարկավոր է ողջամիտ գտնվել և ընտրել այն, ինչ հարկավոր է մեր հասարակությանը և մեր հայրենիքին: Սահմանային լարվածության վրա այս իրավիճակն անպայման կանդրադառնա: Հակառակորդը կարող է օգտվել այս ամենից»,-նկատեց Առաքելյանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ առկա է 7 մարդ: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշել է, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունեն ուժեր և միջոցներ` վնասազերծելու ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած և այնտեղ բռնության սպառնալիքով ոստիկանության ծառայողներին պատանդ պահող խմբին վնասազերծելու համար: