Կարծիքներ

Հեղաշրջման փորձը վկայում է ոչ միայն թուրք հասարակության, այլև բանակի պառակտվածության մասին. Ռուբեն Սաֆրաստյան

4 րոպեի ընթերցում

Հեղաշրջման փորձը վկայում է ոչ միայն թուրք հասարակության, այլև բանակի պառակտվածության մասին. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հեղաշրջման փորձը կայում է ոչ միայն թուրքական հասարակության, այլև բանակում առկա խորը պառակտման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ թուրքական հասարակությունը երբեք այսքան պառակտված և բևեռացված չի եղել: «Էրդողանն ու իր թիմն այնպիսի քաղաքականություն էին վարում, որը վտանգում էր թե Թուրքիայի ներքին իրավիճակը, թե այդ երկրի արտաքին հարաբերությունները»,- նշեց Սաֆրաստյանը՝ հենց այս պառակտումն էլ համարելով ստեղծված իրավիճակի հիմնական վտանգներից մեկը:

Թուրքագետի առանձնացրած մյուս վտանգն այն է, որ Էրդողանն ու նրա թիմակիցները տանում են երկիրը միանձնյա կառավարման՝ միաժամանակ առավել խորացնելով այն ծայրահեղ իսլամիստական ճահճի մեջ: «Թուրքիայի աշխարհիկ բնույթը վտանգվում է, իսկ այս հեղաշրջման փորձն էլ ապացուցեց, թե ինչքան խորն են այս երևույթները»,- ասաց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով թուրքական բանակի ներսում պառակտման խնդրին՝ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ Էրդողանն ազդեցություն ունի և կարող է փոխել երկրի բարձրագույն գեներալիտետը, ինչն էլ արել է՝ այն համալրելով իսլամիստական գաղափարներին առավել հավատարիմ իր կողմնակիցներով: «Սակայն միջին ղեկավար կազմի վրա, որոնց կարող ենք պայմանականորեն անվանել գնդապետներ, նա միևնույն ազդեցությունը չունի: Հենց նրանք էլ ձեռնարկեցին հեղաշրջման այս փորձը»,- կարծում է թուրքագետը: Նա նաև հիշեցրեց, որ 1990-ականներին Թուրքիայի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը հնարավորություն ստեղծեց իմամ հաթիփների (կրոնական դպրոց) շրջանավարտների համար բանակում կարիերա անելու, ինչն էլ ձևավորեց բանակի ներսում իսլամիստներին հավատարիմ հատվածը: Սա էլ հիմք ստեղծեց բանակում պառակտման և ներկայիս հեղաշրջման փորձի ժամանակ էլ որոշ չհամաձայնեցված գործողությունների համար:

Խոսելով հեղաշրջման փորձի մեջ Էրդողանի կողմից չափավոր իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին ուղղված մեղադրանքների մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ դրանք, թերևս, անհիմն են: «Բանակում Գյուլենին չեն սիրում, նրա ազդեցությունը տարածվում է առավել իրավապահ մարմինների, ոստիկանության և նման կառույցների վրա»,- ասաց թուրքագետը:

Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 90 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում