ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հնարավոր հանդիպմանը, առաջին հերթին, խոսք կգնա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները խորացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպես է կարծում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Այսինքն`հրադադարի ռեժիմի խախտումը ֆիքսող սարքավորումների տեղադրման հնարավորության իրացումը, Կասպշիկի(ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ-հեղ.) առաքելության ուժեղացումը: Ես ենթադրում եմ, որ այնտեղ խոսք կգնա այդ գաղափարները փաստաթղթի վերածելու մասին: Ես առավել քան համոզված եմ, որ այն գաղափարները, որ դրված են եղել Կազանյան փաստաթղթի հիմքում, և Լավրովի կողմից առաջարկվող գաղափարներն իրարից պետք է տարբերվեն նրանով, որ դրանց մեջ արտահայտվեն քառօրյա պատերազմի իրողությունը և այն, որ որևէ պարագայում Լեռնային Ղարաբաղի «տեղադրումը» Ադրբեջանի սահմաններում ուղղակի անհեթեթություն է»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ապրիլյան ռազմական գործողություններին հաջորդած երկու հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացել են Վիեննայում` մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում` հունիսի 20-ին, երրորդ հանդիպումն ակնկալվում է անցկացնել Փարիզում: Առաջարկը կողմերին արել է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան: