ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրենը հայտնել է, որ իրանական գազի արտահանումը կովկասյան տարածաշրջան պետք է ավելանա երեք անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
NIGEC-ի ղեկավար Ալիռեզա Քամելին հայտնել է, որ ներկայում Իրանն օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում Հայաստանին: «Նախնական համաձայնության հիմքով` թիվը կկազմի երեք միլիոն խորանարդ մետր: Կողմերը ներկայում նախապատրաստում են անհրաժեշտ ենթակառուցվածքները բնական գազի փոխանցումն ավելացնելու նպատակով»,- ասել է նա` հավելելով, որ համաձայնագիրը շուտով վերջնական տեսք կստանա:
Անդրադառնալով Իրանի գազի արդյունահանման ներուժին` Քամելին ընդգծել է, որ «ներկայում չկան սահմանափակումներ Հայաստան գազի արտահանման ուղղությամբ»:
2015 թվականի ամռանը Հայաստանի ու Իրանի միջև ստորագրվել էր համաձայնագիր 400 կՎտ հզորությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ, որը կարժենա ավելի քան 107 միլիոն եվրո:
Հայաստանի ու Իրանի միջև էլեկտրահաղորդման գիծն ունի 275 կմ երկարություն: Գնման, կառուցման, մոնտաժման ամբողջ աշխատանքները կիրականացնի իրանական կողմը:
Նախատեսվում է, որ նոր գծի կառուցումից հետո երկու երկրի միջև էլեկտրականության փոխանակումը 300-ից կավելանա մինչև 1000-ի: