Տնտեսագետը դրական է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը և ակնկալում էլ ավելի իջեցում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը դրական է գնահատում ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը՝ միևնույն ժամանակ շեշտադրելով դրա փուլային նվազեցման անհրաժեշտությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Թավադյանը, Սահմանադրության փոփոխությունից հետո ԿԲ-ն ոչ միայն գների կայունության նպատակ ունի, այլև ֆինանսական կայունության ապահովման: «Ես, իհարկե, դրական եմ գնահատում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, բայց որպեսզի քանակը վերափոխվի որակի, պետք է փոքր լինի վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերությունը: Փաստացի այդ տարբերությունը` իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս մեծ է»,-ասաց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ ներկայիս գնանկման պայմաններում տարբերությունը շուրջ 8 տոկոս է կազմում:

«ԿԲ-ի առջև ըստ Պետբյուջեի մասին օրենքի 4-րդ հոդվածի դրված է գնաճը 2.5-5.5 տոկոսի սահմաններում պահելու խնդիր, որը նպատակահարմար է ոչ տատանողական բնույթի ունենա: Այս պայմաններում, երբ ունենք ոչ թե գնաճ, այլ գնանկում, նշանակում է, որ կա պահանջարկի անկման միտում: Ինչն էլ ենթադրում է տնտեսության զարգացման նվազում, այդ դեպքում պետք էձգտես, որ պահանջարկն աճի: Բայց գնաճի խնդիրը հստակ է՝ այն չպետք է գերազանցի 5.5 տոկոսը, այսինքն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չես կարող շատ իջեցնել: Սակայն տոկոսադրույքի և գնաճի տարբերությունը 8 տոկոս է, ինչը բարձր է, մեզ համար անհրաժեշտ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը լինի ավելի ցածր: Փուլային քայլերով պետք է հասնենք նրան, որ այս իրավիճակում վերաֆինանսավորման տոկոսադրույքն առնվազն չգերազանցի 5 տոկոսը»,-ասաց Աշոտ Թավադյանը՝ վստահեցնելով, որ այդպիսի դինամիկայի դեպքում գնաճը կլինի այն սահմաններում, որը ֆիքսված է օրենքով, ընդ որում` ավելի մոտ կլինի ներքին շեմին, այլ ոչ թե վերին: «Պետք է հնարավորինս խուսափենք գնանկումից, որը կարող է խաթարել ընդհանուր ֆինանսական կայունությունն ու տնտեսության զարգացումը»:

Նա հավելեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի, ինչպես նաև բավականին բարձր պահուստավորման նորմայի նվազումը ուղղակի նպաստում է բանկային տոկոսադրույքների իջեցմանը և վարկերը դարձնում մատչելի` հատկապես իրական ոլորտի համար:

Ինչ վերաբերում է այս տարի, նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ, արտահանման աճին, ապա տնտեսագետը դա համարում է նավթի գների կայունացման արդյունք, ի դեպ մեզ համար ոչ բարձր մակարդակի վրա, և հավելում, որ եթե ռուսական ռուբլու փոխարժեքն էական տատանումներ չունենա, բարենպաստ գյուղատնտեսական տարի ունենալով, կարող ենք խոսել արտահանման աճի մասին: Աշոտ Թավադյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ պայմանագրի 64-րդ հոդվածի համաձայն՝ երկրների ԿԲ-ները պետք է կոորդինացնեն իրենց արժութային քաղաքականությունը, որի դեպքում փոխարժեքների էական տատանումներ չեն լինի: Բացի այդ՝ նա ընդգծեց միասնական տնտեսական շուկայի հնարավորություններից առավելագույնս օգտվելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ ամենը, անկասկած, նպաստավոր է արտահանման ավելացմանը:

Անդրադառնալով Վերին Լարսի անցակետի փակմանը՝ տնտեսագետը նշեց, որ դա բացասական հետևանքներ կունենա, բայց դրանք էական չեն լինի: «Սակայն անհրաժեշտ է, որ իրավիճակը շուտ կարգավորվի: Փակ անցակետը, ապրանքները լաստանավով տեղափոխելը որոշակի ազդեցություն կունենան ապրանքների մրցունակության վրա, բայց կարծում եմ` հատկապես ռուսական շուկայում մեր ապրանքների վաճառքն էականորեն չի տուժի: Այն հստակ ձևավորված պահանջարկ ունի»,-հավելեց Աշոտ Թավադյանը:

Հայերեն