Պապի այցով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններում արմատական բեկում եղավ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապի այցելությամբ և նրա ելույթներով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններ մեջ արմատական բեկում տեղի ունեցավ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«1700 տարվա պատմության մեջ երկու եկեղեցիների, Հռոմի ու այլ դավանանքների միջև լրջագույն հակասություններ են եղել, որոնք ունեցել են քաղաքական ենթատեքստ: Միջնադարի ժամանակաշրջանը լցված է սուր պայքարով, հիմա արմատապես Վատիկանի վերաբերմունքը փոխվել է: Բարեբախտաբար, Հովհաննես Պողոս 2-րդ Պապի` 2001 թվականին Հայաստան այցելությամբ, 2015 թվականին Ֆրանցիսկոս Պապի Վատիկանում մատուցած պատարագով, ինչպես նաև նրա` Հայաստան կատարած այցով, այդ հարաբերությունները միանգամայն այլ հարթության վրա հայտնվեցին»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ Հայաստան այցելությամբ Հռոմի Պապը պաշտոնապես ընդունեց այն իրողությունը, որը հարյուրամյակներ շարունակ չէր ընդունվել: Այն է, հայերն են, որպես ազգություն, պետական մակարդակով առաջինն ընդունել քրիստոնեությունը: Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ Աշոտ Մելքոնյանի, վերաբերում էր Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների` Հայաստան այցելելու և այստեղ քարոզչություն անելու թեզին: Պաշտոնական Վատիկանը դա վիճարկում էր` նախապատվությունը տալով Պողոսին և Պետրոսին: Պապը հստակ նշեց, որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործունեությամբ Հայաստանում սկսվում է քրիստոնեության շրջանը:

«Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պաշտոնական Վատիկանը հստակ նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին էկումենիկ շարժման մեջ դիտարկում է որպես հավասարը հավասարի առանձին քրիստոնեական եկեղեցի և բնավ մտադրություն չունի գերակա կարգավիճակ ունենալու Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Սա արմատական փոփոխություն է, և ես դա կապում եմ Հռոմի Պապի անձնական որակների հետ: Մարդ, ում համար կարևորը ոչ այնքան քաղաքական խնդիրներն են, որքան` բարոյական արժեքները: Այդ տեսանկյունից մենք գործ ունենք բացառիկ անձնավորության հետ, ով առաջնորդվում է բարոյական չափանիշներով»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքով` դրա վառ արտահայտությունն է Թուրքիայի կոշտ դիրքորոշման պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում դարձյալ սկզբունքային գտնվելու հանգամանքը: Լավ իմանալով Թուրքիայի հակազդեցության հանգամանքը` Հռոմի Պապը բազմիցս կրկնեց ցեղասպանության խնդրում իր ունեցած նույն մոտեցումները: Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ թուրքական արձագանքը բացարձակ չի հուզում Հռոմի Պապին:

«Ցեղասպանության հարցում Պապի մոտեցումներն ու քայլերն իր ազդեցությունը կթողնեն ճանաչման գործընթացի վրա, ինչպես դա տեղի ունեցավ Վատիկանում մատուցած պատարագից հետո: Արձագանքեցին լատինամերիկյան կաթոլիկ երկրները, բանաձևեր ընդունեցին: Արձագանքեց Չեխիան` Արտաքին հարաբերութունների մակարդակով: Այս տարի էլ Չեխիայի նախագահը խոսեց այդ մասին` նշելով, որ կդիմի խորհրդարանին պաշտոնապես 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար: Այնպես, որ սպասենք նոր զարգացումների, չմոռանանք, որ Հռոմի Պապի թիկունքում 1.5 մլրդ քրիստոնյաներ կան»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Պապը մեկնել է Վատիկան:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում