Կարծիքներ

Հայաստան Հռոմի պապի այցի ընթացքում թուրքական հակազդեցությունը այդքան բուռն չի եղել. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

Հայաստան Հռոմի պապի այցի ընթացքում թուրքական հակազդեցությունը այդքան բուռն չի եղել. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապի՝ Հայաստան այցի ընթացքում Թուրքիայի հակազդեցությունը այդքան բուռն չի եղել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 27–ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց, որ Պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթն արտահայտելու պարագայում անգամ Թուրքիայի պահվածքում առանձնապես բուռն հիստերիա ու ագրեսիա չեղավ:

«Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ արդեն իսկ բոլոր միջոցներով փորձել էր հակազդել: Նույնը կրկնել, ըստ երևույթին, նպատակահարմար չի գտել: Թուրքերը, երևի թե, հասկանում են, որ բուռն հակազդեցությունների ժամանակներն անցնում են, որովհետև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալումը լիարժեք սպառել է թուրքական ժխտողականության դիրքերը: Թուրքիան հետզհետե նոր հարվածներ է ստանում: Այդ հարվածներից ամենահզորներից մեկը Բունդեսթագի որոշումն էր: Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն է եղել և եթե վերջինս ընդունում է իր դաշնակցի կատարած ցեղասպանությունը, ապա Թուրքիայի ժխտողականաությունը որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,-ասաց նա

Թուրքագետի կարծիքով, Թուրքիան Հռոմի պապի վրա ազդելու հնարավորություն չունի: Չաքրյանը մի կարևոր հանգամանք ևս նկատեց, որ Պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթն արտահայտելուն ի պատասխան Թուրքիան հանդես եկավ փոխվարչապետի մակարդակով:

«Պետությունների համար պարտավորեցնող է նախագահի, վարչապետի և արտգործնախարարության հայտարարությունները: Որպեսզի Թուրքիայի հայտարարությունը պարտավորեցնող չլինի, հանձնարարել են հենց փոխվարչապետին:Այս ամենը ներքին օգտագործման համար է»,-նշեց թուրքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում