Հարցազրույց

Ես հավատում եմ հայ երաժիշտների տաղանդին և աշխատասիրությանը. Կոնստանտին Օրբելյան

5 րոպեի ընթերցում

Ես հավատում եմ հայ երաժիշտների տաղանդին և աշխատասիրությանը. Կոնստանտին Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը: Այս իրադարձությունը նաև համընկել է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի հետ, որին Օրբելյան կրտսերը մասնակցում է որպես ժյուրիի անդամ:Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է մաեստրոյի հետ.

պերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար նշանակվելով` առաջին հերթին ի՞նչ եք ցանկանում անել թատրոնի համար:

- Ինձ համար շատ մեծ պատիվ է և հաճելի ստանալ այս պաշտոնը ստանձնելու հրավեր: Ես հիշում եմ, թե ինչպես 1970-ականներին 6 ամիս ապրել եմ Երևանում, տեսել ժամանակի մեծագույն երաժիշտների բեմադրությունները, լսել Գոհար Գասպարյանին, Տիգրան Լևոնյանին ու շատ այլ տաղանդավոր արտիստների: Այսօր ես միայն մեկ ցանկություն ունեմ` ամեն ինչ ավելի լավ դարձնել թատրոնում: Ուզում եմ, որ Օպերային թատրոնում լինի դրական լիցքերի և նոր գիտելիքների ներհոսք իմ ընկերների ծանոթությունների միջոցով` հօգուտ օպերայի, արտիստների և հանդիսատեսի:

-Թատրոնում վաղուց նոր բեմադրություններ չեն եղել: Հասցրե՞լ եք մտածել այդ հարցի շուրջ, կա՞ն ինչ-որ մտքեր:

-Հիմա դեռ ընթացքի մեջ է Գեղամ Գրիգորյանի օրոք սկսված «Տոսկա» օպերայի բեմադրությունը. ես շատ եմ ուզում ավարտին հասցնել նրա միտքը: Շատ եմ ուզում բեմադրել նաև Մոցարտի օպերաներից գոնե մեկը, դրանք վաղուց այս բեմում չեն եղել, ինչպես նաև Ռոսինիի, Բելինիի ու Դոնեցետիի օպերաներից: Այստեղ չկա նաև «Սիրո ըմպելիք»-ը. հարկավոր են թեթև բեմադրություններ, որ կզարգացնեն նաև դերասանական վարպետությունը և օգտակար կլինեն թե հանդիսատեսի, թե երգիչների համար: Ես մի ամբողջ թիմ ունեմ, որ Իտալիայից գալու և օգնելու է ինձ: Այստեղ էր նաև իմ ռեժիսոր ընկերներից Պաուլո Միչեկին, ով ծանոթավավ օպերային թատրոնի տեխնիկական հագեցվածությանը. նա ապշած էր նրանից, թե այստեղ ինչ հնարավորություններ կան, բայց չեն օգտագործվում: Հիմա ես աշխատում եմ աշխարհահռչակ օպերային երաժիշտների հետ, ովքեր պատրաստ են հետագայում իրենց ներդրումն ունենալ իմ պատմական հայրենիքում օպերայի զարգացման համար: Ամեն ինչ արվելու է աստիճանաբար, ոչ մեկ օրում:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել, որ տաղանդավոր հայ երաժիշտները, դիրիժորներն ու երգիչները չհեռանան Հայաստանից և օգնեն զարգացնել մշակույթի այս ճյուղը:

-Նրանց պետք է զբաղեցնել, դարձնել պահանջված: Իհարկե, նրանք պետք է երգեն և այստեղ, և ճամփորդեն ու ելույթներ ունենան աշխարհի տարբեր թատրոններում, որովհետև միայն մեկ երկրի բեմում հանդես գալն անհետաքրքիր է: Մենք էլ պետք է աշխարհահռչակ տարբեր օպերաներից հրավիրենք երիտասարդ ու միջազգային ճանչում ունեցող երգիչների: Պետք է զարգանալու ձգտում ունենալ, ընդլայնել աշխարհայացքն ու համակարգել ամեն ինչ:

-Դուք նաև Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում եք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից և մասնակիցներից:

-Ես ակնկալում եմ արտասովոր բան լսել: Եվ դա ստացվում է, որովհետև անընդհատ նույն ստեղծագործությունները լսելիս զգում ենք, որ այդ կատարումները մեկը մյուսից շատ տարբեր են հնչում: Դուք կարող եք կառուցել ստեղծագործության էմոցիոնալ ընկալում` կախված դիրիժորից:

-Մաեստրո, Դուք մասնակցել և ականատես եք եղել նմանատիպ բազմաթիվ մրցույթների. ինչո՞վ Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը կտարբերվի Ձեր տեսածներից:

-Պետք է նշեմ, որ առաջին հերթին բոլոր դիրիժորների հետ աշխատում է հրաշալի երիտասարդ նվագախումբ : Անձամբ ես մեծագույն հաճույք եմ ստանում նրանց հետ աշխատելիս: Ես տեսնում եմ, թե նրանք որքան ճկուն են և ամեն դիրիժորի հետ տարաբեր ձևով են նվագում, իսկ դա շատ բարդ է:

-Ըստ Ձեզ՝ երաժիշտներն ի՞նչ գծերով պետք է օժտված լինեն՝ հաջողության հասնելու և արվեստում ինչ-որ բանով առանձնանալու համար:

-Նախ՝ տաղանդով և աշխատասիրությամբ: Հաճախ տաղանդավոր մարդիկ չեն դառնում վարպետներ, և պոտենցիալն ուղղակի կորչում է: Հարկավոր է ամեն օր աշխատել իր վրա. երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով, պետք է մտածել հաջորդ օրվա անելիքի մասին: Ես հավատում եմ հայ երաժիշտների տաղանդին և ջանասիրությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում