Թուրքիան դժգոհ է ԵՄ-ից և փորձում է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ.Գարիկ Քեռյան
4 րոպեի ընթերցում
![Թուրքիան դժգոհ է ԵՄ-ից և փորձում է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ.Գարիկ Քեռյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/05/849097.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան, դժգոհ լինելով ԵՄ-ից, փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կան նախադրյալներ, և դա կապված է ռուսական ինքնաթիռի խուցումից հետո տեղի ունեցած որոշ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը: Նա նշեց, որ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը ու դրա դիմաց ստացավ Արևմուտքի օժանդակությունը, արժանացավ Արևմուտքի ծափահարություններին, ինչպես նաև եղան 3 մլրդ եվրո ստանալու խոստումներ` կապված փախստականների հարցը կարգավորելու հետ: Դրանից բացի, եղան խոստումներ Թուրքիայի քաղաքացիների համար դեպի ԵՄ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հետ կապված:
«Հետագայում թուրքերը դժգոհ մնացին իրենց տրված և՛ փոխհատուցումից, և՛ վիզայի ռեժիմի հարցի ձգձգումից, ու ստացվեց այնպիսի իրավիճակ, որ խոստումներն ի կատար չածվեցին և Թուրքիան փոշմանեց: Ի դեպ, փոշմանելը կապված է նաև տնտեսական որոշ գործընթացների հետ: Մասնավորապես, Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձաբար տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին: Դրա հետևանքով զգալի հարված հասցվեց Թուրքիայի տնտեսական մի քանի ոլորտներին: Այժմ թուրքերը մտածելու շատ բան ունեն, արժե՞ր արդյոք այդքան տրվել Արևմուտքի թելադրանքին և կրել այդքան կորուստներ»,-ասաց Գարիկ Քեռյանը:
Մյուս կողմից, ըստ նրա, Ռուսաստանը տեսավ, որ, փաստորեն, Արևմուտքի նպատակը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սառեցմամբ Ռուսաստանի հարավային ճանապարհի փակումն էր և մերձավորարևելյան զարգացումներում նրա մեկուսացումը: « Փորձելով բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները, Ռուսաստանը, փաստորեն, փորձում է Արևմուտք-Թուրքիա տանդեմում որոշակի ճեղք մտցնել: Այս ամենը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ տեղի է ունենում քաղաքական շահերի նոր վերադասավորում, օգուտների, վնասների նոր հաշվարկ: Այնպես որ, չեմ զարմանա, եթե ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Չէի ասի, որ Թուրքիան դեմքով շրջվում է դեպի Ռուսաստանը, բայց հարաբերությունների բարելավման համար նպաստավոր պայմաններ կան: Հիշեք Էրդողանի խոսքերը` դուք գնացեք ձեր ճանապարհով, մենք գնանք մեր ճանապարհով»,-ասաց Գարիկ Քեռյանն` ընդգծելով, որ ամեն դեպքում Թուրքիան վերանայելու է Արևմուտքի հետ համագործակցության այն ձևաչափերը, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ:
Թե ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորւմն ինչ ազդեցություն կթողնի տարածաշրջանային զարգացումների վրա, քաղաքագետը դժվարացավ նշել: Ըստ նրա, նախ պետք է հասկանալ, թե այդ կանխատեսվող բարելավումը մինչև որ փուլ կհասնի:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջարկում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ չնայած Սու-24-ի հետ կապված միջադեպին:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի վերջին, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել: