Հարցազրույց

Նեյրոգիտությունները և փրոֆայլինգը մեծ ապագա ունեն. Ալեքսեյ Ֆիլատով

7 րոպեի ընթերցում

Նեյրոգիտությունները և փրոֆայլինգը մեծ ապագա ունեն. Ալեքսեյ Ֆիլատով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ հրավերով Հայաստան ժամանած առաջատար բիզնես դասընթացներ վարող Ալեքսեյ Ֆիլատովը հայաստանյան և տարածաշրջանի մասնագիտական նեղ շրջանակների, առաջատար կազմակերպությունների մասնագետների համար փրոֆայլինգի դասընթացներ անցկացրեց: Ֆիլատովըժամանակակից Նեյրոլեզվաբանական ծրագրավորման (ՆԼԾ) ակադեմիայի և ինստիտուտի լավագույն թրեյներներից է: Նրա մասնագիտական փորձի շնորհիվ Ստի ուսումնասիրման միջազգային ակադեմիայում նոր գիտաճյուղեր են ավելացել՝ կապված հոգեբուժության, փրոֆայլինգի մոդելների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆիլատովն ընդգծեց, որ առաջին անգամ է Հայաստանում և պատմեց փրոֆայլինգի ու ստի ուսումնասիրման հարցերի մասին:

-Ինչպե՞ս է անցել թրեյնինգը, ի՞նչ տպավորություններ ունեք:

-Խումբը շատ հասուն է, հետաքրքրվող և հաճելի է, որ հասուն մարդիկ, ովքեր կյանքի և պրոֆեսիոնալ փորձ ունեն, սովորում են, հարցեր տալիս: Խումբը լավն է:

-Ի՞նչ է փրոֆայլինգը և ի՞նչ պետք է իմանալ դրա մասին:

-Այսօր փրոֆայլինգը նեղ իմաստով հասկացվում է որպես մարդու հոգեբանական նկարագրի կազմման արվեստ, որպեսզի այդ գիտելիքներն օգտագործվեն այդ մարդուն կառավարելու համար: Փաստացի, դա մեթոդաբանություն է, որը օգտակար է մենեջմենթում, այդ թվում` նաև լրագրությունում: Փրոֆայլինգը ներկայացնում է, թե ինչպիսին է մարդը, ինչպես է նա հաղորդակցվում, այդ թվում` ինչպես է նա ճշմարտություն և սուտ ասում: Արևմուտքում փրոֆայլինգը նեյրոգիտությունների մաս է. այն ակտիվորեն զարգանում է ԱՄՆ-ում, Եվրոպայում: Համարվում է, որ նեյրոգիտությունները և փրոֆայլինգը մեծ ապագա ունեն: Եթե նախկինում մարդուն ճանաչելու ու հասկանալու համար օգտագործում էին հոգեբանական թեստեր, մարդիկ պատասխանում էին շատ հարցերի, և այդ արդյունքներով ինչ-որ եզրակացությունների էին հանգում, ապա փրոֆայլինգի դեպքում ամեն ինչ այլ է: Մարդուն հնարավոր է հասկանալ ոչ խոսքային արտահայտությունների միջոցով, նրանով, թե ինչպես է մարդը մտածում, խոսում: Դա շատ տեղեկատվություն է տալիս, թե ինչպիսին է նա:

-Այսինքն`հարցե՞ր եք տալիս այդ անձնավորությանը:

-Պարտադիր չէ: Մեծ հաշվով մարդն ուշադրություն է դարձնում նրան, ինչն իր համար կարևոր է: Նույնիսկ երբ մենք խոսում ենք, Դուք հարցեր եք տալիս, որոնք գրված են Ձեր բլոկնոտում և ոչ խոսքային` վերբալ ձևով արձագանք եք տալիս նրան, ինչ կարևոր է ձեզ համար: Դուք չեք արձագանքի այն հաղորդագրություններին, որոնք Ձեզ համար կարևոր չեն: Եթե դրան ուշադիր նայենք, հնարավոր է եզրակացությունների գալ առանց թեստերի:

-Ինչպե՞ս օգտագործել պրոֆայլինգն աշխատանքում, տարբեր ոլորտներում:

-Փրոֆայլինգն անհրաժեշտ է այն ոլորտներում, որտեղ առկա է մարդկային գործոնը: Փրոֆայլինգը թույլ է տալիս մարդկային գործոնը վերածել մարդկային պոտենցիալի: Եթե մեր ղեկավարները իմանան, թե ինչպես է աշխատում մեր ուղեղը և ինչն է մեզ համար կարևոր, ինչպես ենք աշխատում, ինչպես ենք մտածում, ինչի վրա ուշադրություն դարձնում, կառավարման որակն ավելի բարձր կլինի: Համաձայնեք`եթե գիտեք մարդուն, ապա ավելի լավ լեզու կգտնեք նրա հետ և ավելի լավ կհասկանաք ցանկացած իրավիճակում: Եթե մեր ղեկավարներն իմանան փրոֆայլինգ, ապա այն ամենաքիչը ժամանակ կխնայվի և ամենաշատը` կավելանա նրանց արտադրողականությունը:

-Երբ դասընթացների ընթացքում ծանոթացաք խմբին, նրանք գիտե՞ին, թե ինչ է փրոֆայլինգը:

-Պատկերացրեք`այո, գիտեին: «Փրոֆայլինգ» բառը նոր է, բայց այդ գիտությունով վաղուց են զբաղվել, առանց անունը տալու:

-Իսկ Ձեզ ինչպե՞ս հետաքրքրեց այս ոլորտը:

-Ես առաջին մասնագիտությամբ հոգեբույժ եմ, և մենք դա ուսումնասիրում էինք, ինձ էլ հետաքրքրեց, և որոշեցի դրան նվիրվել:

-Աշխատում եք ժամանակակից ՆԼԾ ակադեմիայում և ինստիտուտում: Մի փոքր պատմեք այդ կառույցի մասին:

-Ես ուղղակիորեն կապված եմ երեք կազմակերպությունների հետ: Առաջինը ժամանակակից ՆԼԾ ակադեմիան և ինստիտուտն է: ՆԼԾ-ն ռուսաստանում և հետսովետական տարածքում այնքան էլ լավ հեղինակություն չունի, որովհետև այն կապում են հոգեբանական մանիպուլյացիաների, խոշտանգումների, հարցաքննությունների հետ: Իհարկե, կան պատճառներ. ՆԼԾ-ն մեզ մոտ օգտագործվել է քաղաքականության, իրավաբանության մեջ: Ռուսաստանում նեյրոգիտություններն այնքան էլ զարգացած չեն:

Ես նաև կապված եմ Ստի ուսումնասիրման միջազգային ակադեմիայի հետ: Կազմակերպության նպատակն է ուժային կառույցների պրոֆեսիոնալներին, իրավաբաններին սովորեցնել ստի հայտնաբերման պրակտիկան: Փրոֆայլինգը որոշ առումով կապված է սրա հետ. եթե մենք գիտենք մարդուն, ապա կհասկանանք, թե ինչպես և երբ է նա ստում: Դա շատ կարևոր է իրավաբանների, դատախազների, փաստաբանների համար: Կա նաև մեկ այլ կազմակերպություն, որը ես ղեկավարում եմ, Փրոֆայլինգի լաբորատորիան: Այն Սկոլկովոյում է: Նրա նպատակն է մեքենային սովորեցնել հասկանալ մարդկանց, որպեսզի մեքենան հասկանա մարդու հույզերը: Խնդիր կա սովորեցնել մեքենային ավելի լավ հասկանալ մարդուն:

-Տեսեք, դուք ուսումնասիրել եք սուտը: Ձեզ համար ավելի հե՞շտ է ստել:

-Լավ հարց է: Ես գիտեմ, ինչպես դա անել: Բայց փաստ չէ, որ ես դա կկիրառեմ: Իրականում սուտն այնքան շատ է: Առանց դրա, անկեղծ ասած, հնարավոր չէ: Սուտը շատ խորն է մեր կյանքում: Սոցիալական հաջողությունն առանց ստի անհնար է: Եթե մարդն ասի միայն ու միայն ճշմարտությունը, նա երբեք հաջողակ չի լինի: Հաճախ մարդն, ով կարողանում է ստել, ավելի շատ բանի է հասնում, քան անկեղծ մարդը: Մի շարք պրոֆեսիոնալների, Ռուսաստանի ուժային կառույցների հետ մենք համագործակցում ենք պրոֆեսիոնալ ստախոսներին հետազոտելու հարցում:

Մայիսին «ԱԼՎԱՐԻՈՒՄ» դասընթացային և խորհրդատվական ընկերության հատուկ հրավերով Հայաստան են ժամանում արտերկրյա առաջատար բիզնես-թրեյներներ: Ալեքսեյ Ֆիլատովը Երևանում էր մայիսի 5-9-ը, իսկ մայիսի 12-15-ըՀայաստանում կլինեն Իրինա և Եգոր Կարոպաները, ովքեր ՆԼԾ-ի և Էնեագրամայի դասընթացներ կանցկացնեն հայաստանյան և տարածաշրջանի ինչպես մասնագիտական նեղ շրջանակների` հոգեբանների, հոգեթերապևտների, քոուչների համար, այնպես էլ՝ խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների աշխատակիցների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների լայն շրջանակների համար: Միջոցառումների PR-պատասխանատուն «SPRING» PR-ընկերությունն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում