Արդեն գործում է «.հայ» հայատառ դոմենային գոտին, առաջինը կլինի «նախագահ.հայ»-ը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,4ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գործարկել է «.հայ» դոմենային գոտին, «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը:«Արմենպրես»-իփոխանցմամբ` մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ազդարարեցին ոլորտի ներկայացուցիչները` նշելով, որ ICANN-տնօրենների խորհրդի ընդունած բանաձևով IANA կազմակերպության արմատային գոտում ակտիվացվել է «.հայ» հայատառ դոմենի գրառումը:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքով` լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր նշանակալի դերն ունենալ ազգային արժեքների շուրջ հայությանը միավորելու գործում: «Սա հայերենի տարածման համար ունի մեծ նշանակություն: «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայերեն ստեղնաշարի կիրառմանը սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում թույլ կտա զարգացնել հայրենի իմացության մակարդակը համացանցում»,-ասաց փոխնախարարը:

Գագիկ Թադևոսյանը շեշտեց, որ հայատառ ինտերնետային դոմենային գոտին առաջիններից է ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիներին համընթաց: Նա նաև ընդգծեց փաստը, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել պետական գերատեսչությունների, մասնավորի և հասարակական սեկտորի համագործակցության արդյունքում:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը տեղեկացրեց, որ հայատառ դոմենի գործընթացը սկսվել է 2012-ին և ամենադժվար հարցը դոմենային անվան ընտրությունն է եղել: «Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,-նշեց Սաղյանը: Նրա խոսքով`դոմենային տիրույթում հայատառ գրելը պարտադիր է, որպեսզի համակարգը ճանաչի տվյալ կայքը, որտեղ փորձ է արվում մուտք գործել: «Թյուրիմացություններից զերծ պահելու համար կատարվել է համեմատում այլ լեզուներում օգտագործվող գրանշանների հետ, որ կոնֆլիկտի մեջ չմտնեն դրանք հայկական գոտում օգտագործվող գրանշանների հետ: Այստեղ կարևոր դեր ունի Ռուբեն Թարումյանը, ով հայկական տառատեսակների ամենաճանաչված հեղինակներից մեկն է»,-նկատեց Գրիգորի Սաղյանը:

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանը հույս հայտնեց, որ «.հայ» դոմենային գոտում գրանցված կայքերում բովանդակությունը կլինի հայերեն ու կնպաստի համացանցում հայատառ նյութերի ավելացմանը: «Սա սկիզբն է մի երկար ճանապարհի, որը պետք է անենք համացանցը հայացնելու համար: Հիմա վիճակը այնքան էլ վատ չէ, որքան մի քանի տարի առաջ էր. հայերեն նյութերը շատացել են համացանում: Որոշ պաշարներում կարելի է մեզ հետաքրքրող գրեթե բոլոր հարցերի պատասխանները գտնել հայերենով: Տեխնիկական, քաղաքական խնդիրները լուծված են, նույնիսկ տիրույթի անունն է հայերեն, և ցավալի կլինի, որ հայ տիրույթում բովանդակությունը լինի ոչ հայատառ»,-ընդգծեց տառաստեղծը:

Հայատառ դոմենում անուն գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ.հայ» կայք, ընտրել այնտեղ նշված ինը գրանցող կազմակերպություններից մեկը, մուտք գործել ու հայատառ դոմեն ստանալու հայտ ուղարկել: Դոմենային անուն ստանալուց հետո պետք է դա կապել որևէ գործող կայքի հետ կամ ստեղծել նոր կայք: Հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որից 70-ը կառավարական գերատեսչություններ են: Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ, իսկ ամսական սպասարկման գումարը մոտ 1000 դրամ է:

«.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Հենց այս կազմակերպությանն էլ տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը:

Հայերեն English Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին