Սթիվեն Լաքերթն ԻՊ-ի գործողությունները համեմատում է Հայոց ցեղասպանության ընթացքում կատարվածի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոլոքոստի ուսումնասիրության Լևինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր դոկտոր Սթիվեն Լաքերթն «Իսլամական պետության» գործողությունները համեմատում է Հայոց ցեղասպանության ընթացքում կատարվածի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նա նշեց ապրիլի 23-ին 100 Aurora Dialogues քննարկումների ընթացքում:
«Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացրել: Երբ ուսումնասիրում եմ Իրաքի իրավիճակը, տեսնում եմ նույնանման իրավիճակներ Հայոց ցեղասպանության հետ համեմատելիս: Իրաքում ԻՊ-ն օգտագործում է նույն մեթոդները: Իշխանությունները պետք է կանխեն փոքրամասնությունների բնաջնջումը»,-նշեց նա:
Սթիվեն Լաքերթի խոսքով`չափազանց կարևոր է , որ ճգնաժամերի մասին տեղեկությունները հասցվեն լայն հանրությանը: Նա շեշտում է, որ երբ կարդում է ամենատարբեր զեկույցները, հասկանում է, որ դրանք գրված չեն լայն հասարակության համար:
Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում են Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա- փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։