Ընթացիկ պատերազմներին պետք է վերջ դնել. Շիրին Էբադի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մատենադարանում անցկացվող Aurora Dialogues-ի ընթացքում քննարկվեց աշխարհում հումանիտար հիմնախնդիրների իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քննարկման մասնակիցները վերլուծեցին համաշխարհային հումանիտար «կիզակետերի» աշխարհագրությունը և քննարկեցին, թե ինչ պետք է անել այդ շրջաններին արդյունավետ օգնություն հատկացնելու համար։
Մարդու իրավունքների մասնագետ Իրանի առաջին կին դատավոր, նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ դոկտոր Շիրին Էբադին նշեց, որ, օրինակ, Իրանում, բռնապետությունը հանգեցրել է նրան, որ իրանցիները տեղափոխվում են այլ երկրներ:
«Եվրոպա են եկել մեծ թվով իրանցիներ: Բայց ամենամեծ թվով փախստականները Սիրիայից են: Եթե Ասադի գերդաստանը 45 տարվա ընթացքում չամրապնդվեր Սիրիայում, մարդիկ երբեք չէին կազմակերպի հեղափոխություն»,-նշեց դոկտոր Շիրին Էբադին:
Նոբելյան մրցանակի դափնեկիրն իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով. «Ինչո՞ւ երբ ինչ-որ մեկը դառնում է նախագահ, մնում է ցմահ այդ պաշտոնին, չի ուզում հրաժարվել իշխանությունից, ինչպես Սադամ Հուսեյնը և այլք: Տարածաշրջանում արժեզրկվել է ժողովրդավարությունը»:
Նրա խոսքով`չպետք է լինեն պատերազմներ, սով, բռնատիրություն և պետք է աշխատել այդ ուղղությամբ: «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը կարող է տարիներ տևել: Բայց այլ ընտրություն չկա: Մենք պետք է մտածենք մարդկանց արժանապատվության մասին: Այսօր շարունակվող պատերազմները պետք է ավարտվեն, պետք է վերջ դրվի դրանց»,-նշեց դոկտոր Շիրին Էբադին:
Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին ընդգծեց, որ մարդկանց անվտանգությունը ոչ թե ոստիկանների, այլ ամբողջ հասարակության գործողությունների արդյունքն է:
«Ես ուզում օգտվել առիթից և կոչ անել չօգտագործել երկրում, տարածաշրջանում փախստականների ներկայությունը քաղաքական օրակարգեր հաստատելու նպատակով: Փախստականներն իրական մարդիկ են, որոնց մասին պետք է հոգ տանել»,-նշեց նա:
Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցչի խոսքով` եթե որևէ մեկն ունենար գոյություն ունեցող ճգնաժամերը լուծելու հնարավորություն և առկա հարցերի պատասխանները, ապա աշխարհն այլ կլիներ:
«Պետության ուժը պետք է օգտագործի բռնությունները կանխարգելելու համար: Պետությունները պետք է խրախուսեն անհատներին, որ նրանք, քաղաքականից բացի, թույլ չտան տնտեսական իրավախախտումներ»,-ընդգծեց նա:
Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում են Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա-փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։