Հասարակական

Ադրբեջանը պլանավորել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ. ՊՆ-ն ներկայացրեց հերթական ապացույցները

4 րոպեի ընթերցում

 Ադրբեջանը պլանավորել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ. ՊՆ-ն ներկայացրեց հերթական ապացույցները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայկական զինուժի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռում հայտաբերված փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջան պլանավորել էր լայնամասշտաբ գործողություններ իրականացնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանը նախ տեղեկացրեց, որ հայկական զինուժի կողմից խոցված ադրբեջանական «ՄԻ -24 G» ուղղաթիռը Ռուսաստանի «ՄԻ-24» ուղղաթիռի արդիականացված տարբերակն է: Այն արդիականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ուկրաինայում: Այդ ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ` քանակով մինչև 80 միավոր:

Լրագրողներին ներկայացնելով խոցված ադրբեջանական ուղղաթիռում եղած փաստաթղթերը` Ավետիք Մուրադյանը տեղեկացրեց, որ խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի մոտից հայտնաբերվել է փոքր գրքույկ: Այդտեղ առկա են գրառումներ թռիչքների մասին, որոնք արվել են մարտի 31 –ին:

Ըստ փաստաթղթերի` օդաչուն պետք է իրականացներ թռիչք Բաքվի տարածքում գտվող Կալա օդանավակայանից դեպի Քյորդանի ռազմական օդանավակայան: Այնտեղ սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին: Նախատեսված է եղել ռազմական օդանավակայանից իրականացնել վերաթռիչք Ժդանովսկ քաղաքի մոտ: Ավետիք Մուրադյանի խոսքով, դա նշանակում է, որ օդաչուն թռիչքից մեկ-երկու օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու համար հանձնարարություններ:

«Օդաչուների կողմից կիրառած քարտեզում նշված են առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետերը: Առաջնագծից խորություն նշված է` սկսած 3 կմ-ից մինչև 10 կմ: Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով: Նախատեսված էր խնդիրների կատարման համար կիրառել բանակային ավիացիա: Օդաչուները թռիչք իրականացնելիս առաջնագծում համագործակցել են ավիանշանառուների հետ»,-ասաց Ավետիք Մուրադյանը:

Նրա խոսքով, հակառակորդը բանակային ավիացիայի առջև խնդիր է դրել պատրաստվել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն իրականացնել հարձակվողական գործողություններ:

«Սա ապացույց է, որը ցանկացած ռազմական մասնագետ կընդունի որպես իրողություն: Սա վկայում է այն մասին, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների նախորոշում, ստացել է նշանակետերի կոնկրետ ցուցում»,-ասաց նա:

Ավետիք Մուրադյանը նշեց, որ իրականացվել է ուղղաթիռի սև արկղերի բացվածք, օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել: Այլ կիրառել է միայն թնդանոթը, որի հեռահարությունը մինչև մեկ կմ խորության համար է նախատեսված: Օդաչուն երկու րոպե ձգանը սեղմած է պահել ու հենց այդ վիճակով էլ ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից:

«Այս ամենը ապացույց է, որ հակառակորդը պլանավորել է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել, այլապես օդուժի ներգրավածություն չէր լինի: Հակառակորդի գործողությունները դասական կաննոներով պլանավորված են եղել: Մեզ պետք է, որ ամբողջ աշխարհն իմանա այդ մասին»,-ասա Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի խոցած երկրորդ ադրբեջանական ուղղաթիռին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոցվել է «ՄԻ 8» տիպի ուղղաթիռ, որը պետք է դեսանտ իջեցներ կամ տարհանում իրականացներ: Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածում, սակայն այն կարողացել է խոցված վիճակում շարունակել թռիչքը և վայրէջք է կատարել Ադբեջանում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` չի բացառվում, որ այն ընկնելիս ոչնչացվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում