Քաղաքականություն

Արցախի ՊԲ-ն նոր տվյալներ է հրապարակել` 36 զոհ, 21 անհայտ կորած, 122 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ-ն նոր տվյալներ է հրապարակել` 36 զոհ, 21 անհայտ կորած, 122 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մեկ ժամկետային զինծառայող ապրիլի 7-ին վիրավորվել է հրաձգային կրակի արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Ապրիլի 7-ի ընթացքում Պաշտպանության բանակի կողմից խոցվել է հակառակորդի մեկ անօդաչու թռչող սարք Աղդամ-Ստեփանակերտ ուղղությամբ: Գնդապետ Առստամյանը հրապարակեց նաև հայկական կողմի մարդկային կորուստները մարտական գործողությունների մեկնարկից մինչ այժմ՝ զոհվածների թիվը 36 է, վիրավոր՝ 122 (ապրիլի 6-ի դրությամբ 121 վիրավոր, գումարվել է ապրիլի 7-ին արձանագրված դեպքը-հեղ.), անհայտ կորած՝ 21: Նախկինում հայտարարվել էր 26 անհայտ կորածի մասին, որոնցից մեկը ողջ է հայտնաբերվել: Հայտնաբերվել են 4-ի դիերը:

«Կազմակերպված են որոնողական աշխատանքներ՝ նպատակ հետապնդելով գտնել անհայտ կորածներին, իսկ եթե նրանք հայտնվեն հակառակարոդի մոտ հարկ կլինի բանակցությունների միջոցով հարցը կարգավորել: Որոնողական աշխատանքների ավարտին նոր կհրապարակվեն անհայտ կորածների անունները»,- նշեց Առստամյանը: Գնդապետը տեղեկացրեց, որ հակառակորդի զոհերի մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են, իսկ հայկական կողմում հայտնված ադրբեջանական դիերը հավաքվում են համապատասխան օրգանների կողմից, իսկ հետագա անելիքները կհստակեցվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում