Քաղաքականություն

Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրում է անձամբ տեսնել ադրբեջանական դիվերսանտների դիակները

3 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրում է անձամբ տեսնել ադրբեջանական դիվերսանտների դիակները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի հայտարարությանը, թե ադրբեջանական բանակի կորուստների մասին ՀՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութերն ու նկարները իրականությանը չեն համապատասխանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրում է իր աչքերով տեսնել ադրբեջանական դիվերսանտների դիակները: «Եթե դրանք իրենց զինվորները չեն, ապա մենք ի սկզաբեն ճիշտ էինք ասում: Ուրեմն վարձկաններ էին կամ այլ տարրեր: Ամեն դեպքում՝ դրանում էլ համոզվելու համար հրավիրում եմ իրեն: Իր անձնական անվտանգությունը ես ապահովում եմ»,- հավելեց Հովհաննիսյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական Ùáï 20 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում