Կարծիքներ

Ալեքսանդր Իսկանդարյանը գործողությունների ակտիվացումը կապում է Ադրբեջանի քաղաքական խնդիրների հետ

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Իսկանդարյանը գործողությունների ակտիվացումը կապում է Ադրբեջանի քաղաքական խնդիրների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գործողությունների ակտիվացումը կապում է Ադրբեջանի` արտաքին և ներքին քաղաքականության մեջ առկա խնդիրների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով սահմանին տեղի ունեցող իրավիճակը, քաղաքագետը շեշտում է` Ալիևը, գտնվելով Վաշինգտոնում, նեղացել է և հրամայել է ակտիվացնել սահմանին գործողությունների մակարդակը:

«Այն տեղեկատվության վրա հիմնվելով, որն ունեմ այս պահին, կարծում եմ, որ պատերզմի սկզբին նման չէ: Ամեն դեպքում, նման մակարդակի ակցիա ես ուղղակի չեմ հիշում` պատերազմի ավարտից հետո: Որքան հասկանում եմ` շատ կորուստներ կան»,-նշեց նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում